Արմինֆո. Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հասկանում է, թե հայերի համար որքան զգայուն թեմա է ռուս-թուրքական համագործակցության խորացումը, բայց չի կիսում այդ մտահոգությունները: «Հայերի իրավունքների ոտնահարում այստեղ չեմ տեսնում»,-հայտարարել է Ս.Գլազևը հոկտեմբերի 14-ին, հայ-ռուսական 5-րդ միջազգային համաժողովի ընթացքում:
Ըստ նրա, խոսքը գնում է Մոսկվայի և Անկարայի միջև համագործակցության, ինչպես նաև այն նախագծերի վերականգնման մասին, որոնք դադարեցվել էին քաղաքական մոտիվներով: Ինչպես գտնում է ՌԴ նախագահի խորհրդականը, որքան սերտ լինի այդ համագործակցությունը, այնքան կայուն կլինի քաղաքական իրավիճակը տարածաշրջանում:
Նշենք, որ ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամն ստեղծվեց 2015 թվականի նոյեմբերին, թուրքերի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Նախագահ Պուտինը դա անվանեց «հարված թիկունքից», Թուրքիայի հետ հարաբերություններում սահմանելով մի շարք սահմանափակումներ, մասնավորապես, արգելեց չարտերային թռիչքները և խորհուրդ տվեց ձեռնպահ մնալ դեպի Թուրքիա տուրիստական այցելություններից: 2016 թվականի հունիսի 27-ին Պուտինն ստացավ Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձը, որում ափսոսանքի և ցավակցական խոսքեր էին նշված օդաչունի զոհվելու կապակցությամբ: Դրանից հետո ՌԴ նախագահն ստորագրեց մի նոր հրամանագիր, որով վերացրեցին Թուրքիայի նկատմամբ սահմանափակումները: