Արմինֆո.Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ՝ Ֆրանսիան ևս մեկ անգամ ապացուցեց ժողովրդավարական արժեքներին, ընդդեմ քսենոֆոբիայի և մարդկության դեմ հանցագործությունների պայքարին իր հավատարմությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշյալ բանաձևը վերահաստատեց, որ մարդկության դեմ հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, ավելին՝ Եվրոպայում ժխտման քաղաքականության դեմ պայքարի և դրա քրեականացման հաղթական երթ է սկսվել: ՙՖրանսիայի օրինակը պետք է վարակիչ լինի Եվրոպայի այլ երկրների համար: Այդ որոշումը հերթական անգամ ապացուցեց այն փաստը, որ Անկարայի ժխտման և շանտաժի քաղաքականությունը ֆիասկո է ապրում՚,- ընդգծել է փոխխոսնակը:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք 2012 թ. սցենարի կրկնությունը, երբ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց համանման բանաձև, սակայն, երկրի Սահմանադրական դատարանը հիմնական օրենքին հակասող ճանաչեց փաստաթուղթը՝ Շարմազանովը նշել է. ՙՉեմ կարծում, որ Ֆրանսիան երկու անգամ նույն գետը կմտնի՚:
Ավելի վաղ՝ հուլիսին, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունվել էր Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի կողմից: Սակայն, չի բացառվում, որ, ինչպես և անցած անգամ, թուրքական լոբբիի ճնշման ներքո բանաձևը կրկին ուղարկվի Ֆրանսիայի Սահմանադրական դատարան՝ երկրի հիմնական օրենքին վերջինիս համապատասխանությունը որոշելու նպատակով:
Նշենք, որ 2011 թվականին համանման օրինագիծ էր ընդունվել Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի և 2012 թ. հունվարին Սենատի կողմից: Ի պատասխան՝ Թուրքիան սառեցրել էր Ֆրանսիայի հետ դիվանագիտական և տնտեսական կապերը: Սակայն, նախագահ Սարկոզին չստորագրեց օրենքը՝ ժամանակ տալով Սահմանադրական դատարանում դրա վիճարկման համար: 2012 թ. փետրվարի 29-ինօրենքը հայտարարվեց ֆրանսիական սահմանադրությանը հակասող:
Հայոց ցեղասպանության ժխտումն արդեն քրեականացրել են Շվեյցարիան, Սլովակիան, Կիպրոսը և Հունաստանը: