Արմինֆո.Ադրբեջանի ԱԳՆ զարմանք և ափսոսանք է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ Ռուսսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հայտարարության առնչությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Խիկմետ Գաջիևը նշել է, որ Ուշակովի խոսքերը հակասում են նախագահների Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ոգուն և ստատուս-քվոյի անընդունելիության ու անկայունության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների մակարդակով բազմաթիվ հայտարարություններին: «Այդ հայտարարությունը նաև չի համապատասխանում հակամարտության կարագավորման շուրջ մանրամասն քննարկումներին, որոնք անցկացվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջան ինտենսիվ այցերի ժամանակ: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Վիեննայի և Սանկ Պետերբուրգի հանդիպումների ոգուն համապատասխան հակամարտության փուլային կարգավորման շուրջ սուբստանտիվ բանակցությունների կողմնակից է: Սուբստանտիվ բանակցությունները պետք է ապահովեն անընդունելի և անկայուն ստատուս-քվոյի փոփոխումը, հայկական զորքերի դուրս բերումն Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Ադրբեջանը կապահովի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակում», - նշել է Գաջիևը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ճեպազրույցում Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Մոսկվան մեծ լավատեսություն չի տածում առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ և կշարունակի աշխատանքը Երևանի ու Բաքվի հետ: Ընդ որում նա հրաժարվել էր բացահայտել բանակցությունների խոհանոցը, նշելով, որ քննարկվում են բազմաթիվ տարբերակներ ու առաջարկություններ: «Սակայն առայժմ, ևս մեկ անգամ կրկնեմ, առանձնապես լավատեսության հիմքեր չեն դիտվում», - հավելել էր նա:
Ավելի վաղ Բաքուն համանման զարմանք և վրդովմունք էր հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարության առնչությամբ, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: