Արմինֆո.Թուրքիան ոչինչ չունի անելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Հոկտեմբերի 13-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե, իբր, «օկուպացված ադրբեջանական տարածքներից, մասնավորապես, 5 շրջաններից» հայկական զորքերի դուրս բերման հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրակարգում է:
«Հայկական կողմն օկուպացրած տարածքներ չունի: Թուրքիան այդ հրցում խաղաքարտերը շփոթել է, մոռանալովր Հյուսիսային Կիպրոսի օկուպացման մասին և սլաքներն ուղղելով այլ կողմեր: Թուրքիան օկուպացրել է Կիպրոսը, իսկ կովկասյան թուրքերն օկուպացրել են Գետաշենը, Մարտունաշենը, Շահումյանը և հայկական այլ շրջաններ», - նշել է փոխխոսնակը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Չավուշօլուի հայտարարությունը հերթական անգամ ապացուցեց, որ Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերություններն` առանց նախապայմանների: «Նման մոտեցումը, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի են», - ամփոփել է նա:
Հայաստանի փոխարտգործնախարաար Շավարշ Քոչարյանն, իր հերթին, ՀՀ հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում, մեկնաբանելով Չավուշօղլուի հայտարարությունն, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն, առաջին հերթին, ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության: «Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձը ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, ապա եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ժամանակին կվավերացներ և կյանքի կկոչեր դեռևս 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները», - նշել է փոխարտգործնախարարը:
Ինչպես արդեն հաղորդվել է, նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել էր, թե Թուրքիան անկեղծ ջանքեր է գործադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
ՙՄինսկի խումբը, ինչպես նաև Ռուսաստանը ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար: Վերջին ժամանակներս օրակարգում է գտնվում ՙօկուպացված ադրբեջանական տարածքներից, հատկապես՝ հինգ շրջաններից, Հայաստանի զինված ուժերի դուրս բերման հարցը՚: Մենք աջակցում ենք ցանկացած կարգավորման, որը համապատասխանում է Ադրբեջանի շահերին՚,- նշել էր թուրք նախարարը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելացնի այդ ուղղությամբ իր ջանքերը: Չավուշօղլուն անդրադարձել էր նաև հայ-թուրքական հարաբերություներին և ընդգծել, որ Անկարան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Նրա խոսքով, Թուրքիան ջանքեր է գործադրել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, համաձայնագիր է ստորագրել Շվեյցարիայում /Ցյուրիխյան արձանագրություններ-Խմբ./, սակայն դա հաջողությամբ չի պսակվել: