
Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորմնա գործում Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ցանկալին ներկայացնել որպես իրականություն: Հոկտեմբերի 13-ին Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին նշել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե, իբր, «օկուպացված ադրբեջանական տարածքներից, մասնավորապես, 5 շրջաններից» հայկական զորքերի դուրս բերման հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրակարգում է, և դա պնդում է, հատկապես, Ռուսաստանը:
«Նրանք փորձում են իրենց բաղձալի երազանքը ներկայացնել որպես իրականություն: Իսկ այդպիսի սյուրռեալիստական «սցենարների» կարծեցյալ բացահայտումը լիովին տեղավորվում է այդ երկրների քաղաքականությունում», - նշել է նա: Բաբայանը նաև կարծում է, որ ռուս-թուրքական համագործակցությունը չի կարող այնպես արմատապես արդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, որ Ռուսսատանը հանդես գա ղարաբաղյան հակամարտության կարգավորման թուրքական տեսլականի օգտին: Այդ երկրների միջև չի կարող լինել մերձեցում, առավել ևս` ռազմավարական համագործակցություն, քանի որ Անկարան և Մոսկվան ունեն տարբեր շահեր: Սակայն երկու երկրների միջև կարճատև համագործակցությունը միայն դրական է ազդում տարածաշրջանի իրավիճակի վրա, քանի որ նվազում է մրցակցության մակարդակը», - նշել է նա: Բաբայանի ասելով, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ մյուս երկրները շատ լավ գիտակցում են, որ հենց Արցախն ու Հայաստանն են զսպում թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները տարածաշրջանում, և չեն ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք հակասում են աառաջին տանդեմի շահերին:
Ինչպես արդեն հաղորդվել է, նախօրեինին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, թե Մինսկի խումբը, ինչպես նաև Ռուսաստանը ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար: «Վերջին ժամանակներս օրակարգում է գտնվում ՙօկուպացված ադրբեջանական տարածքներից, հատկապես՝ հինգ շրջաններից, Հայաստանի զինված ուժերի դուրս բերման հարցը՚: Ռուսաստանը մեզ հետ կիսել է այդ ջանքերը, և մենք աջակցում ենք ցանկացած կարգավորման, որը համապատասխանում է Ադրբեջանի շահերին՚,- նշել է թուրք նախարարը: