


Արմինֆո.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պատրաստվում է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ շփումներ կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գալ եւ քննարկել ԵԽԽՎ աշխատանքն առավել կառուցողական հունով տանելու հնարավորությունները: Ն այ մասին հաղորդել է նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Վեհաժողովի աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցեր, քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումները, համագործակցության եզրերը, ԵԽԽՎ-ում շրջանառվող նախաձեռնությունների ընթացքը:
Ավանդույթի համաձայն, ըստ որի Վեհաժողովի նախագահներն այցելում են անդամ երկրներ` ԵԽԽՎ գործող նախագահը եւս ցանկություն է հայտնել այցելելու Հայաստանի Հանրապետություն:
Հերմինե Նաղդալյանը զրույցի ընթացքում նշել է, որ վերջին շրջանում ԵԽԽՎ-ում կատարվող գործընթացները եւ նոր նախաձեռնությունները շատ կարեւոր են եւ իրենց ազդեցությունն են թողնում Վեհաժողովի գործընթացների վրա եւ այդ իմաստով էական են ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությունները: Տիկին Նաղդալյանը հավելել է, որ ամեն դեպքում հայկական կողմն ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անկողմնակալ, հավասարակշռված եւ անաչառ մոտեցումները, ինչը կնպաստի առաջին հերթին Վեհաժողովի աշխատանքների արդյունավետությանը եւ մթնոլորտի բարելավմանը:
Կողմերը համաձայնել են անդրադառնալ բարձրացված հարցերին գալիք տարվա հունվարյան նստաշրջանում:



