


Արմինֆո. Քիչ առաջ ԵԽԽՎ-ում վարման կարգով ելույթ է ունեցել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարել է, որ ԵԽԽՎ նախագահը, խախտելով ԵԽԽՎ կանոնակարգը, կամայական կերպով հերթական անգամ իրեն ցանկանում է զրկել ելույթի իրավունքից։
ԲՀԿ պատգամավորն իր ելույթում ասել է. «Հարգելի գործընկերներ, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ բոլոր նստաշրջաններում համառորեն խոչընդոտում է իմ ելույթներին՝ հանձնարարելով ԵԽԽՎ քարտուղարությանը իմ ելույթները ելույթ ունեցողների ցանկում գրել ամենավերջում։ Ավելին, այն, որ իմ ելույթները Ագրամունտին նյարդայնացնում են, այդ մասին նա փոխանցել է հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին և ԵԽ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Պարույր Հովհաննիսյանին։ Ավելին, Ագրամունտը իրեն իրավունք է վերապահում ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած իմ ելույթները խմբագրել և իրեն ոչ հաճո հատվածները հանած տեղադրել Վեհաժողովի պաշտոնական կայքում, ինչի մասին ևս նա տեղեկացրել է մեր պատվիրակության ղեկավարին, նշելով, որ իմ լեքսիկոնը իր համար ընդունելի չէ։ Այսինքն, երբ ես ապրիլյան պատերազմի ժամանակ հայ զինվորին մորթած ադրբեջանցուն անվանում եմ երկոտանի կենդանի, դա մեծապես վիրավորում է Ագրամունտի զգացմունքները և նա իմ ելույթից հանում է նշյալ հատվածն ու նոր տեղադրել տալիս Վեհաժողովի կայքում։
Տեղեկացնում եմ ձեզ, պարոն Ագրամունտ, որ դուք գերազանցում եք ձեր լիազորությունները և զբաղված եք բացարձակ ինքնիրավչությամբ ու օրինախախտմամբ։ Տեղեկացնում եմ ձեզ, որ օրենքի ընձեռած բոլոր հնարավորություններով ես պայքարելու եմ ձեր ինքնիրավչության և կամայականությունների դեմ։



