Արմինֆո. Թիվ 34 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի որոշմամբ Գյումրիի քաղաքապետ է վերընտրվել Սամվել Բալասանյանը:ՀՀԿ աջակցությունը վայելող «Բալասանյանի դաշինքը» հանձնաժողովի որոշմամբ բոնուսային տոկոսներով ստացել է 17 մանդատ, այսինքն` բացարձակ մեծամասնություն Գյումրիի ավագանու խորհրդում, ինքնըստինքյան ապահովելով քաղաքապետի պաշտոնի համար սեփական թեկնածու առաջադրելու իրավունք :
Տարածքային ընտրահանձնաժողովի այդ որոշումը հարուցել է Գյումրիի ավագանու խորհրում ընտրված ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների դժգոհությունը: Նրանց հավաստմամբ, նույնիսկ, բոնուսային տոկոսներով «Բալասանյանի դաշինքը» պետք է ստանար առավելագույնը 15 մանդատ, և իրավունք չուներ ինքնաբերաբար սեփական թեկնածու առաջադրելու քաղաքապետի պաշտոնի համար: Ընդդիմության համոզմամբ, ընտրական հանձնաժողովը կամայականորեն լրացուցիչ մանդատներ է շնորհել «Բալասանյանի դաշինքին»: Ընդդիմությունն` ի դեմս ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» կուսակցության, մտադիր է դատարանում բողոքարկել ընտրական հանձնաժողովի որոշումը, իսկ մինչև դատարանի որոշումը այդ կուսակցությունները և նորաստեղծ ԳԱԼԱ-ն մտադիր են բոյկոտել Գյումրիի ավագանու խորհրդի նիստերը: