Արմինֆո.ՀՀ ոստիկանությունը և Քննչական կոմիտեն արդեն զբաղվում են պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կողմնակիցների պահվածքով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով խորհրդարանում նախօրեին տեղի ունեցած միջադեպին, երբ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն Ազգային ժողովի ամբիոնից անպարկեշտ խոսքեր է ասել իր հասցեին:
Սաֆարյանը հայտարարել է, որ մտադիր չէ պատասխանել Ուրիխանյանին իր իսկ մեթոդներով: ՙԵս մտադիր չեմ հանդես գալ ինչ-որ քաղաքական հայտարարությամբ կամ վիրավորել նրան, ես միայն դիմել եմ իրավապահ մարմիններին, թող նրանք զբաղվեն ՙժողովրդի ընտրյալի՚ պահվածքով՚,- հայտարարել է Սաֆարյանը՝ ավելացնելով, որ սա Ուրիխանյանի կողմից իր հասցեին հրապարակային վիրավորանքների առաջին դեպքը չէ:
Նշենք, որ նախօրեին Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանի ամբիոնից վիրավորել է Ստեփան Սաֆարյանին՝ անպարկեշտ խոսքեր ասելով նրա հասցեին: Դա բարկացրել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ով անթույլատրելի է համարել Ուրիխանյանի պահվածքը՝ հայտարարելով, որ վերջինս ճիշտ է վարվել՝ մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացնելով: ՙՆրա տեղը ոչ թե խորհրդարանում է, այլ՝ ախոռում է՚,- հայտարարել է Շարմազանովը:
Շարմազանովի այս հայտարարությունից խիստ վիրավորված Ուրիխանյանն իր հերթին մտադիր էՙպատիվ պահանջել՚ փոխխոսնակից: Մինչդեռ Շարմազանովը չի կարծում, թե վիրավորել է Ուրիխանյանին: ՙԵթե ես վիրավորել եմ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, պատրաստ եմ ներողություն խնդրել, սակայն չեմ վիրավորել նրան: Ես ընդամենը պատասխանել եմ նրա կողմից խորհրդարանում հնչած ոչ կոռեկտ հայտարարություններին՚,-ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է Շարմազանովը՝ հաջողություն մաղթելով Ուրիխանյանին: Մեկնաբանելով տեղեկությունները, թե Ուրիխանյանը մտադիր է ՙպատիվ պահանջել՚ իրենից՝ փոխխոսնակը հայտարարել է, որ դա նրա քաղաքացիական իրավունքն է: ՙԵս ընդամենը կատարել եմ իմ պարտականությունները, փորձել վերականգնել խորհրդարանական մթնոլորտը և բացառել օրենսդիր մարմնի դահլիճում փողոցային բառապաշարի օգտագործումը՚,- նշել է փոխխոսնակը: