Արմինֆո.Ադրբեջանի ռազմական բյուջեի կրճատումն առնչվում է ոչ միայն նավթի գների անկմամբ պայմանավորված ֆինանսական ճգնաժամին, այլև փոփոխված միջազգային իրողություններին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
«Ակտիվորեն միակողմանի զինվող Ադրբեջանը չէր սպասում, որ Հայաստանը կարող է ստանալ նորագույն սպառազինություն և դրանով իսկ ապահովել ուժերի հաշվեկշիռը տարածաշրջանում: Կարծում եմ, որ այդ գործոնը նույնպես ազդել է տվյալ հարցի վերաբերյալ ադրբեջանական կողմի որոշման վրա», - նշել է քաղաքագետը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն ավելի հեռուն կգա և առաջիկայում կսկսի փոխել իր ռազմական դոկտրինը:
Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն, իր հերթին, կարծում է, որ կարիք չկա թերագնահատելու հակառակորդին, քանի որ, չնայած նավթի վաճառքից ստացվող եկամուտների կրճատմանը, Ադրբեջանը շարունակում է մնալ բավականինն հարուստ պետություն:
«Կարծում եմ, որ ռազմական բյուջեի կրճատումը, առաջին հերթին, առնչվում է մարտական տեխնիկայով երկրի հագեցածությանը: Իրականում Ադրբեջանն անհամեմատ ավելի շատ սպառազինություն ունի, քան հայտարարում է, և այդ ողջ տեխնիկան տեխնիկական սպասարկման կարիք ունի, ինչը բավականին թանկ արժե` ֆինանսական տեսանկյունից: Բացի այդ, անհրաժեշտ է կադրերի մշտական վերապատրաստում և մի շարք այլ գործոններ: Նավթի գների անկումը նույնպես Ադրբեջանին ստիպել է կրճատել պաշտպանական բյուջեն, թեև կարծում եմ, որ պաշտոնական Բաքուն կշարունակի գերժամանակակից սպառազինության գնումները», - հայտարարել է Տեր Թադևոսյանը: Ընդ որու նա հավելել է, որ հայկական կողմը չպետք է կորցնի զգոնությունը:
Նշենք, որ 2017 թվականի բյուջեի փաթեթով պաշտպանության համար նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 615 մլն 359 հազար 858 մանաթ (շուրջ 1 մլրդ դոլար): Դա 613,4 մլն մանաթով (27,5%) պակաս է 2016 թվականի համեմատ: 2015 թվին Ադրբեջանի ռազմական ծախսերը մոտ 5 մլրդ դոլար էին: Նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթներում նշել է, որ նավթի գների անկման պատճառով Ադրբեջանի եկամուտները 4 անգամ կրճատվել են, և անհրաժեշտ է ծախսերի կրճատում: