Արմինֆո.Երկրի պաշտպանության հիմնական գործառույթը Գլխավոր շտաբի, այլ ոչ թե Պաշտպանության նախարարության վրա է դրված, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակմանը, ով կադրային զինվորական չէ:
Նրա խոսքով, պաշտպանության նորանշանակ նախարարի քաղաքական անձը թույլ կտա սերտ փոխգործակցություն պահպանել Գլխավոր շտաբի և երկրի ղեկավարի միջև և ապահովել հայկական բանակի պատշաճ ռազմատեխնիկական հագեցվածությունը:
ՙԿարծում եմ, որ պաշտպանության նորանշանակ նախարարը լիովին կարող է կատարել ռազմաքաղաքական փոխգործակցույթան՝ իր առջև դրված խնդիրը: Իսկ ինչ վերաբերում է մեր բանակի պաշտպանունակության հնարավոր թուլացմանը՝ կարող եմ ասել, որ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը մարտական կոփվածություն անցած անձնավորություն է, և կկարողանա մեր սահմանների պատշաճ պաշտպանություն ապահովել՚,- ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը:
Մինչդեռ քաղաքագետ Մանվել Սարգսյանը քաղաքական ենթատեքստ է տեսել Հայաստանի նոր պաշտպանության նախարարի նշանակման մեջ: ՙՆման նշանակմամբ Սերժ Սարգսյանը ցանկացել է ապահովագրել իրեն՝ նոր պաշտպանության նախարարի կողմից հնարավոր մանիպուլյացիաների առումով, քանի որ, համաձայն նոր Սահմանադրության, պաշտպանական գերատեսչության ղեկավարի լիազորությունները և գործառույթներն զգալիորեն ընդլայնվում են: Այս առնչությամբ Սերժ Սարգսյանին այդ պաշտոնում անհրաժեշտ էր լոյալ անձնավորություն՝ ոլորտն իր լիակատար վերահսկողության տակ պահելու նպատակով՚,- գտնում է փորձագետը:
Նշենք, որ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրելով պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին, ասել է.
«Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը: Գնալով շատ ավելի մեծ կարևորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարևորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ և ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ, բայց նաև պիտի հիշենք, որ մեր պարտավորությունները միշտ մնում են այն մարդկանց հանդեպ, ովքեր երբևէ ծառայել են մեր զինված ուժերում: Նրանցից շատ-շատերը կա՛մ այսօր չկան, կա՛մ էլ ունեն հաշմանդամության կարգ: Ես ընդամենը մի քանի այսպիսի հատվածներ ասացի, բայց Պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս և նման այլ խնդիրների լուծմանը: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ՚: -լ-