Արմինֆո. ՙՀայկական վերածնունդը՚ դեռ չի քննարկել Վանաձորում ՙԼուսավոր Հայաստանի՚ հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է ՙՕրինաց երկիր՚ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Նա գտնում է, որ կուսակցությունը կարողացել է հաջողության հասնել ՏԻՄ ընտրություններում, մասնավորապես՝ Վանաձորում: ՙԱյդ ընտրությունները լակմուսի թուղթ էին 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՚,- նշել է նա:
Շահգելդյանը նշել է նաև, որ Գյումրիի ընտրությունների ընթացքում անձամբ բազմաթիվ իրավախախտումների ականատես է դարձել: ՙԵղել են անձինք, ովքեր եկել են Արթիկից և մասնակցել Գյումրիի Ավագանու խորհրդի ընտրություններին, կիրառվել է, այսպես կոչված, ՙկարուսելի՚ մեխանիզմ, կաշառք է բաժանվել՚,- նշել է նա՝ ընդգծելով, որ թվարկված բոլոր իրավախախտումներն արձանագրվել են, և, հնարավոր է, ձայների վերահաշվարկ կատարվի:
Նշենք, որ նախօրեին ՏԻՄ ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել կառավարող ՀՀԿ-ն: ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուները հաղթել են երկրի բոլոր խոշոր բնակավայրերում: Գյումրիում հաղթել է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ 34,64%, երկրորդ տեղում ՙԲարգավաճ Հայաստանն՚ է՝ 21,7%, երրորդ տեղում՝ ՙՀայկական վերածնունդը՚՝ 10,62%, չորրորդում՝ ԳԱԼԱ-ն, հինգերորդում՝ ՙՀամախմբումը՚՝ 5,77%, վեցերորդում՝ ՙԳյումրեցու ոգին՚՝ 5,74%, յոթերորդում ՀՅԴ-ն՝ 5,36%: Վանաձորում ՀՀԿ-ն ստացել է 37,55%, ՙԼուսավոր Հայաստանը՚՝ 27,54%, ՙՀայկական վերածնունդը՚՝ 13,27%, ՀՅԴ-ն՝ 6,37%, ՙՀամախմբումը՚, ՙՀայ ազգային կոնգրեսը՚ և ՙՔաղաքացիական պայմանագիրը՚ չեն հաղթահարել 5% շեմ: