Արմինֆո. Ընդդիմությունը կարող էր հաջողության հասնել ՏԻՄ ընտրություններում, եթե կարողանար համախմբվել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՙՀամախմբում՚ կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը:
Նրա խոսքով, ՙՀամախմբումը՚ բանակցություններ է վարել Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության դեմ համատեղ պայքարելու նպատակով, սակայն շոշափելի արդյունքների չի հասել: ՙԸնդհանուր առմամբ մենք գոհ ենք Գյումրիում և Վանաձորում մեր արդյունքներից, քանի որ նախընտրական արշավի մեջ ենք մտել ընտրություններից մեկ ամիս առաջ՚,- ընդգծել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչը նշել է, որ այդ ընտրությունները փորձաշրջան էին 2017 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ:
Մարգարյանն ավելացրել է, որ ընտրությունների ընթացքում մի շարք իրավախախտումներ է նկատել: Ըստ որում, նա հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունները, թե ՙՀամախմբումը՚ կաշառք է բաժանել: ՙՆման հայտարարությունները ծիծաղելի են՚,- ասել է նա:
Նշենք, որ նախօրեին ՏԻՄ ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել կառավարող ՀՀԿ-ն: ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուները հաղթել են երկրի բոլոր խոշոր բնակավայրերում: Գյումրիում հաղթել է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ 34,64%, երկրորդ տեղում ՙԲարգավաճ Հայաստանն՚ է՝ 21,7%, երրորդ տեղում՝ ՙՀայկական վերածնունդը՚՝ 10,62%, չորրորդում՝ ԳԱԼԱ-ն, հինգերորդում՝ ՙՀամախմբումը՚՝ 5,77%, վեցերորդում՝ ՙԳյումրեցու ոգին՚՝ 5,74%, յոթերորդում ՀՅԴ-ն՝ 5,36%: Վանաձորում ՀՀԿ-ն ստացել է 37,55%, ՙԼուսավոր Հայաստանը՚՝ 27,54%, ՙՀայկական վերածնունդը՚՝ 13,27%, ՀՅԴ-ն՝ 6,37%, ՙՀամախմբումը՚, ՙՀայ ազգային կոնգրեսը՚ և ՙՔաղաքացիական պայմանագիրը՚ չեն հաղթահարել 5% շեմ: