Արմինֆո.ՙԲարգավաճ Հայաստանը՚ բացառում է ՀՀԿ հետ կոալիցիան Գյումրիի Ավագանու խորհրդում: Այդ մասին այսօր ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, ընտրություններին մասնակցած այլ կուսակցությունների հետ համագործակցություն հնարավոր է: Ըստ որում, Մելքումյանը հայտարարել է որ ընդհանուր առմամբ ԲՀԿ-ն գոհ է ընտրությունների արդյունքներից, սակայն մտադիր է բողոքարկել Գյումրիում ընտրությունների արդյունքները: ՙ Մենք արդեն խորհրդակցում ենք քաղաքական այլ ուժերի հետ՝ ընտրությունները բողոքարկելու և վերահաշվարկ կատարելու համար, քանի որ հիմքեր կան ենթադրելու, որ կլինեն որոշակի տոկոսային փոփոխություններ՚,- նշել է նա:
Ըստ որում, Մելքումյանն ավելացրել է, որ կուսակցությունը դժգոհ է Վանաձորում գրանցված արդյունքներից: ՙՉնայած այն բանին, որ կուսակցությունը բավարար ձայն է ստացել Ավագանու խորհրդում տեղ ստանալու համար, մենք մտադիր ենք փոփոխություններ կատարել ԲՀԿ տարածքային կառույցներում՚,- ընդգծել է նա:
Նշենք, որ նախօրեին ՏԻՄ ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել կառավարող ՀՀԿ-ն: ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուները հաղթել են երկրի բոլոր խոշոր բնակավայրերում: Բացառություն են մի քանի գյուղեր, որտեղ ավագանում ընտրվել են ՀՅԴ կամ ԲՀԿ անդամներ: Գյումրիում հաղթել է ՀՀԿ աջակցությունը վայելող Բալասանյանի դաշինքը, որը գլխավորում էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, դրան հետևում են ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը», նորաստեղծ «Գալան»: Հատկապես մրցակցային պայքար էր ծավալվել Վանաձորում ՀՀԿ և նորաստեղծ «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջև, որը գլխավորում է պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այդ երկու կուսակցությունների միջև ձայների տարբերությունն ընդամենը մի քանի հազար է: Այնուհետև մեծ տարբերությամբ գալիս է «Հայկական վերածնունդը», ում կուսակցական ցուցակը գլխավորել է վանաձորցի «հեղինակություն» Արկադի Փելեշյանը: Մնացած կուսակցությունները հավաքել են 2 հազարից պակաս ձայներ: