Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները հերթական անգամ այցելել են ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին, որոնք պատիժ են կրում Արցախում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթկցի հետ զրույցում հաղորդել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի ծառայության աշխատակից Էթերի Մուսայելյանը, այցելությունը կայացել է սեպտեմբերի 20-ին:
«Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին հնարավորություն է ընձեռվել ընտանեկան բնույթի նորություններ փոխանակել հարազատների հետ: Իր մանդատի համաձայն, ԿԽՄԿ այցելում է կալանավորներին նրանց պահման պայմանների դիտարկման, ինչպես նաև նրանց հարազատների հետ կապ պահպանելու հնարավորության ընձեռելու նպատակով»,- նշել է Էթերի Մուսայելյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը 2014 թվականի հունիսի 29-ին ապօրանաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն էին հավաքել և իրականացրել լրտեսական գործունեություն: Հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել էին անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել էր հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրաի հրազենից արձակած գնդակով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում էր պատճառել: 2014 թ. դեկտեմեբրի 29-ին Արցախի դատարանի որոշմամբ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարի ազատազրկման: