Արմինֆո. Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը և դրա ընթացքում նորագույն սպառազինության ցուցադրումը խուճապի է մատնել Ադրբեջանին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը հանձնարարել է ծառայողական նիստ անցկացնել Պաշտպանության նախարարության ղեկավարության մասնակցությամբ:
«Նիստի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել հետախուզական գործունեության բոլոր տեսակների ուժեղացմանը տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության ուսումնասիրման հիման վրա` թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց կարևորության գնահատման և դրանց ոչնչացման հաջորդականությունը որոշելու համար: Բացի այդ, ուշադրություն է դարձվել ցամաքային, ռազմաօդային, հրթիռահրետանային զորքերի միավորումների և ստորաբաժանումների, հատուկ նշանակության զորքերի, տարբեր նշանակության զորամասերի գործողությունների համակարգման ուժեղացմանը: Նկատի ունենալով յուրաքանչյուր ռազմական սպառնալիքի հնարավոր վտանգը մեր երկրի համար` պաշտպանության նախարար, գբեներալ-գնդապետ Զակիր Գասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել խստացնելու հսկողությունը թշնամու ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտների նկատմամբ և անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել անմիջապես ոչնչացնել այդ օբյեկտները` ըստ դրանց կարևորության», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Նշենք, որ Երևանում կայացած զորահանդեսում ներկայացվել են հայրենական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքեր, որոնք իրենց մարտավարական տվյալներով չեն զիջում արտասահմանյան նմուշներին, ռադիոէլեկտրոնային պայքարի մարտական կայաններ, մոտոհրաձգային և զրահատանկային տեխնիկա, «Տ-72» տանկեր, զրահամեքենաներ, ինքնագնացներ, «Շտուրմ Ս» հակատանկային համալիրներ, հակատանկային ինքնագնաց կայանքներ, գնդացիրներ, «Գրադ», «Տայֆուն», «WM 80», «Սմերչ», «Կոնկուրս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա ՈՒ», «Սկադ» մարտավարական հրթիռային համալիրներ, «Իսկանդեր» օպերատիվ-մարտվարական հրթիռային համալիր, «Օսա-ԱԿ(Մ)» արդիականացված համալիրներ, «Ս 125», «Ստրելա 10», «Բուկ» արդիականացված զենիթահրթիռային համալիրներ, «Ս300» հրթիռային համալիրներ: