Արմինֆո. Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել սեպտեմբերի 18-ին Հայաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունները:
ՙԸնդհանուր առմամբ ընտրությունները լավ էին կազմակերպված: Բացառությամբ մի քանի միջադեպի և որոշ տեղամասերում կուտակումների՝ ընտրական գործըթնացները նորմալ են ընթացել՚,- նշվում է հայտարարության մեջ: Ընդգծվում է նաև, որ թեկնածուների միջև մրցակցություն առկա էր խոշոր համայնքներում: ՙԱնհրաժեշտ է նաև բարձրացնել բնակչության հետաքրքրությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ, որոնք այժմ քաղաքացիների կողմից դիտվում են որպես ձևականություն՚,- նշել են ԵԽ ներկայացուցիչները:
Դիտորդները կարևորում են նաև ընտրողների ցուցակների մաքրումը, ովքեր բնակվում են արտերկրում: ՙԱյդ իրավիճակը ընտրությունների կեղծման ռիսկեր է պարունակում, հետևաբար՝ հարուցում դիտորդների մտահոգությունը՚,- նշել են նրանք:
Պատվիրակությունը նշել է նաև, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվել են 2011 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքով, ինչը հնարավորություն չի տվել գնահատելու նոր օրենսգրքի արդյունավետությունը, որն ավելի վաղ քննարկվել էր Վենետիկի հանձնաժողովի հետ:
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը՝ Լիզա Անսալայի գլխավորությամբ, այցելել է Արագածոտն, Արմավիր, Արարատ և Տավուշ, որտեղ յոթ թիմ հետևել է 100 ընտրատեղամասում քվեարկության ընթացքին: Ընտրությունների վերաբերյալ առաքելության մանրամասն հաշվետվությունը կքննարկվի հոկտեմբերի 19-21-ը Ստրասբուրգում Կոնգրեսի 31-րդ նստաշրջանի շրջանակներում: