Արմինֆո. Հայաստանի համայնքներում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ ահազանգերը քննարկվել են ոստիկանությունում: Ինչպես ԱրմԻնֆ-ոին հաղորդել են ոստիկանության մամուլի ծառայությունից, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի և Տավուշի մարզերում ընտրությունների նախընտրական և քվեարկության օրն ու դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվել է տարբեր բնույթի 119 տեղեկատվություն, որոնցից 116-ով նախապատրաստվում են նյութեր, 1 նյութով կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2 դեպքով հարուցվել են քրեական գործեր: Ուսումնասիրությունները շարունակվում են:
ԿԸՀ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին հաղորդել են, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի 317 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով դիմումներ ներկայացնելու համար սահմանված ժամկետում թիվ 20 և թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 8 դիմում՝ թվով 11 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ:Տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
Ընտրական հանձնաժողովներում դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացվել են նաև ընտրություններին առնչվող 142 այլ դիմումներ: Նշված դիմումներից 87-ը ներկայացվել են թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, իսկ թիվ 14, 15 և 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին հասցեագրված մյուս 55 դիմումներից 28-ը սեպտեմբերի 18-ին և 27-ը սեպտեմբերի 19-ին ներկայացվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Բոլոր դիմումներն սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվեն ընտրական հանձնաժողովների կողմից: