
Արմինֆո. Ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման շուրջ իշխանության և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև փաստաթղթի ստորագրումն ընտրությունների արդյունքների վրա լուրջ ազդեցություն չի ունենա, այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով, Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխությունները և իշխանափոխություն:
ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր հերթին հայտարարել է, որ համաձայնագիրը թույլ կտա բացառել կեղծիքների մեծ մասը, սակայն վերջնական հաջողության համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ԸՕ-ում և արագացնել ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ դատական գործընթացները:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ համաձայնագիրն ընդդիմադիր ուժերի հաջողությունն է, սակայն ընտրությունների 100% արդարություն և թափանցիկություն չի երաշխավորում: ՙԱյսուհետ մեզանից է կախված, թե կկարողանանք արդյոք պայքարել ընտրությունների արդարության համար՚,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են առանցքային նշանակություն ունենալ երկրում ժողովրդավարության հաստատման հարցում:
Նշենք, որ իշխանության և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները 444 ձևաչափով նոր փաստաթուղթ են ստորագրել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման շուրջ: Նոր փաստաթուղթը նախատեսում է քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում, կեղծարարության վերաբերյալ կեղծ վկայության համար պատժի խստացման մասով ուղղումներ Քրեական օրենսգրքում, ձայների վերահաշվարկի և արդյունքների բողոքարկման ժամկետների ավելացում, ինչպես նաև քվեարկության ընթացքում ընտրատեղամասերից առցանց հեռարձակման ապահովում: Ընտրական գործընթացների նկատմամբ վերաահսկողության լրացուցիչ մեխանիզմների ներդրման համար անհրաժեշտ էր 9 մլն դոլար, որը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, գտնվել է ԵՄ, ԱՄՆ և այլ դոնոր կազմակերպությունների ջանքերի շնորհիվ: