Արմինֆո. Ղարաբաղյան հիմնախնդրում այսօր առաջնահերթությունը տրվում է ոչ թե համապարփակ կարգավորման շուրջ բանակցային գործընթացին, այլ՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ բանակցություններին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի մասին:
Նրա խոսքով, քանի դեռ այդ պայմանավորվածությունները չեն կատարվում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի մասին դժվար է խոսել: ՙԱմեն բան կախված է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումից՚,- նշել է Քոչարյանը: Պատասխանելով այն հարցին, թե հակամարտության կարգավորման վերաբերյալ կան արդյոք նոր առաջարկներ՝ դիվանագետը նշել է, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ առաջարկներ են ստացվել: ՙՀիշեցնեմ, որ միայն Մադրիդյան սկզբունքներն են Հայաստանի և Ադրբեջանի կողմից որպես բանակցությունների համար հիմք ընդունվել, մնացած բոլոր առաջրկները մերժվել են: Նշեմ նաև, որ Լեռնային Ղարաբաղն այդ փաստաթուղթը չի ընդունել՚,- նշել է Քոչարյանը:
Միաժամանակ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը ԼՂՀ կարգավիճակի փոխարեն տարածքներ զիջելու վերաբերյալ՝ Քոչարյանը նշել է. ՙՈւորլիքը որևէ նոր բան չի ասել: Նա միայն կրկնել է այն, ինչ գրված է Մադրիդայն սկզբունքներում, որոնք ենթադրել են փոխադարձ զիջումներ՝ ներառելով թե կարգավիճակի, թե տարածքների հարցը: Բայց Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայից հետո եկել է բանակցությունների համար հիմքի շուրջ լրջորեն մտածելու ժամանակը: Ժամանակին Մադրիդյան սկզբունքների շրջանակներում Հայաստանի կողմից զիջում էր Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի հետաձգումը: Այդ հետաձգումը միջնորդները հիմնավորել են այն բանով, թե իբր Բաքվի իշխանություններին ժամանակ է պետք իրենց ժողովրդին նախապատրաստելու այն մտքին, որ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմում լինել։ Բայց նրանք այդ ժամանակն օգտագործել են հակառակ նպատակով՚,- ասել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Մասնավորապես, համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: 2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը՚: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հետաքննության մեխանիզմները տվյալ փուլում ակտուալ չեն, և հարցը կարող է քննարկվել ՙԼՂՀ-ից հայկական զորքերի դուրսբերումից հետո միայն՚: Բացի այդ, նա ընդգծել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գարսենյակը կարող է ընդլայնվել մինչև 12-13 մարդ և ոչ ավելի: