Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ է ամեն կերպ փոխգործակցել այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպության հետ, ինչպիսին ՄԱԿ-ն է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի քննադատությանը՝ կապված ընթացիկ տարվա ապրիլից ղարաբաղյան հակամարտության գոտի այցելելու հնարավորության բացակայության հետ:
Բաբայանը դրական դրական ազդանշաններ է տեսնում ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի այս հայտարարության մեջ: ՙԿարծում եմ՝ քննադատությունն առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանին, որտեղ բոլորը շատ լավ գիտեն, թե ինչպիսին է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը: Սակայն, ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, փորձել է գլխիվայր շրջել ամեն բան, և ողջ քննադատությունը Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա բարդել՝ ներկայացնելով ամեն բան այնպես, թե իբր հենց հայկական կողմն է խոչընդոտներ ստեղծում Լեռնային Ղարաբաղ այցելության համար: Սակայն ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հայտարարությունն ուշադիր ընթերցելու դեպքում տեսնում ենք, որ այն ավելի շատ ուղղված է ադրբեջանական, այլ ոչ թե՝ հայկական կողմին: Նման արձագանքով Ադրբեջանը ցույց է տալիս, որ արդեն պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետությունը՚,-գտնում է Բաբայանը:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նաև համագործակցելու ազդանշաններ է տեսնում ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հայտարարության մեջ: ՙԿարծում եմ, որ այդ հայտարարության մեջ համագործակցության որոշակի ակնարկ կա ԼՂՀ իշխանություններին, և մենք պատրաստ ենք փոխգործակցել ՄԱԿ-ի հետ: Հիշեցնեմ նաև, որ 2004 թվականին ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ, ծանոթացել մարդկանց կենղացին և կենսապայմաններին՚,- նշել է Բաբայանը:
Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները բազմիցս այցելել են Լեռնային Ղարաբաղից փախստականների, այսպես կոչված, ճամբարներ , և շատ լավ տեղյակ են, թե իրականում ինչ են դրանք իրենցից ներկայացնում, և ովքեր են այնտեղ ապրում:
Բաբայանը նշել է նաև, որ այսօր ամերիկյան Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի շուրջ լսումներ են տեղի ունենալու, և ադրբեջանական կողմի նման արձագանքը պաշտպանական ռեակցիա է այդ լսումներից առաջ: Բաբայանը համոզված է նաև, որ մոտ ապագայում ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը հանդես կգա Ադրբեջանի հասցեին ավելի կոշտ և հասցեական քննադատությամբ՝ այդ երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանում, ափոսանք է հայտնել այն առնչությամբ, որ իր Վարչության աշխատակիցները Ղրիմ, Աբխազիա, Հարավային Օսիա և Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորություն չունեն: ՙՄենք շարունակում ենք հաղորդումներ ստանալ խախտումների, այդ թվում՝ սպանությունների, կամայական ձերբակալությունների, կտտանքների, ազատ տեղաշարժի սահմանափակումների մասին՚,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ իր Վարչության ներկայացուցիչները 2016 թվականի ապրիլից հնարավորություն չունեն այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: