


Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունում ընտրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական նոր համաձայնագրի երեկվա ստորագրումը ՀՀ կառավարության իշխող կոալիցիայի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջև՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում, ընտրական բարեփոխումների իրականացմանը նպաստելու գործում դրական զարգացում է: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ:
ՙԵվրոպական միության, միջազգային այլ գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, ինչպես նաև ՀՀ կառավարության ներգրավվածությունը հնարավորություն կտան իրականացնել Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքով նախատեսված տեխնիկական բաղադրիչը:
Ընտրական գործընթացի մասնակից կողմերն այժմ պետք է լիարժեք և բարեխիղճ կերպով կյանքի կոչեն ընտրական նոր օրենսդրությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական նոր համակարգի և ընթացակարգերի նկատմամբ արժանահավատության, թափանցիկության և հանրային վստահության բարձրացման նպատակով՚,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ նախօրեին իշխանության և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները 444 ձևաչափով նոր փաստաթուղթ են ստորագրել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման շուրջ: Նոր փաստաթուղթը նախատեսում է քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում, կեղծարարության վերաբերյալ կեղծ վկայության համար պատժի խստացման մասով ուղղումներ Քրեական օրենսգրքում, ձայների վերահաշվարկի և արդյունքների բողոքարկման ժամկետների ավելացում, ինչպես նաև քվեարկության ընթացքում ընտրատեղամասերից առցանց հեռարձակման ապահովում: Ընտրական գործընթացների նկատմամբ վերաահսկողության լրացուցիչ մեխանիզմների ներդրման համար անհրաժեշտ էր 9 մլն դոլար, որը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, գտնվել է ԵՄ, ԱՄՆ և այլ դոնոր կազմակերպությունների ջանքերի շնորհիվ:



