Արմինֆո. Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը կկալանավորվի, եթե հայկական դատարանը նման որոշում կայացնի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Պյոտր Շյուկինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միրոնովը կկալանավորվի, եթե ՀՀ Վերաքննիչ դատարանը հավանություն տա ԱՄՆ իշխանությունների կողմից հետախուզման մեջ գտնվող ռուսաստանցի ծրագրավորողին կալանքից ազատելու վերաբերյալ գլխավոր դատախազության բողոքին:
Միաժամանակ պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչպես է ընթանալու Միրոնովին հանձնելու գործընթացը՝ Շյուկինը հայտարարել է, որ ԱՄՆ-ից Միրոնովին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի ստացման դեպքում Ռուսաստանի Դաշնության դատախազությունը նրան հանձնելու վերաբերյալ որոշում կկայացնի:
ՙՈրքանով ես իրազեկ եմ, նման փաստաթղթեր ռուսական կողմը դեռ չի ստացել: Բայց նման փաստաթղթերի առկայության դեպքում բոլոր իրավաբանական հարցերը հաշվի կառնվեն, և ռուսական կողմը կամ կալանավորելու որոշում կկայացնի, կամ մերժման հիմնավորումներ կներկայացնի՚,- նշել է հյուպատոսական բաժնի ղեկավարը:
Անդրադառնալով հայկական իրավապահ մարմինների գործողություններին՝ նա նշել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները գործել են Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում:
Հիշեցնենք, որ 30-ամյա ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովն օգոստոսի 27-ին ձերբակալվել էր «Զվարթնոցե միջազգային օդանավակայանում: Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության, ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ 2016 թվականի մայիսի 11-ից հայտարարվել է միջազգային հետախուզում: Միրոնովն ամերիկյան իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ, մասնավորապես՝ ԱՄՆ Քրեական օրենսգրքի 371, 2778, 3155, 3551, 1956 հոդվածների հատկանիշներով (զենքի արտահանման նկատմամբ վերահսկողության մասին օրենքի խախտման փորձ, փողերի լվացման մասին նախնական պայմանավորվածություն, փողերի լվացում): Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սերգեյ Միրոնովի ժամանակավոր ձերբակալության առնչությամբ դատախազության միջնորդությունը (ԱՄՆ միջնորդությամբ), և Միրոնովն ազատ էր արձակվել դատարանի դահլիճից: Հայաստանի գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է ռուսաստանցի ծրագրավորող Սերգեյ Միրոնովի ազատ արձակման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: