Արմինֆո. Կարգավիճակը չի կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխիք լինել, հայտարարեկ է է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ԱրմԻնֆո-ի թղթակցին մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությունը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է Արցախի շուրջ տարածքների մի մասի վերադարձ՝ Արցախի կարգավիճակի դիմաց։
Նրա ասելով, տարածքների հարցը մշտապես բարձրացնում է Ադրբեջանը, եւ համանախագահներն ստիպված են այն ներառել օրակարգում, քանի որ չեն կարող անտեսել հակամարտության կողմերից մեկի պահանջները։ «Սակայն դա բոլորովին չի նշանակում, թե նման մոտեցումն ընդունելի է հայկական կողմի համար», – պարզաբանել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը: Նա ընդսմին հիշեցրել է, որ հայտարարելով տարածքային պատկանելության մասին, Բաքուն մոռանում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդը չէ, քանի որ ինքն է հրաժարվել քաղաքական եւ իրավական ժառանգությունից։
«ԼՂՀ ժողովրդի համար գլխավորն անվտանգության ապահովում է։ Ոչ մի կարգավիճակ չի կարող անվտանգության երաշխիք լինել, եթե հակառակ կողմը չի հրաժարվել ֆաշիստական հռետորաբանությունից, սպառնում է «ազատագրել տարածքները», ներառյալ՝ Զանգեզուրն ու Երեւանը»,– նշել է Դավիթ Բաբայանը։ Նրա ասելով, եթե 90-ական թվականներին հնարավոր էր դիտարկել տարածքներ կարգավիճակի դիմաց հարցը, ապա հիմա, պատերազմից հետո, որից Ղարաբաղի ժողովուրդը հաղթող է դուրս եկել, իսկ ազգային–ազատագրական գաղափարախոսությունը փոխակերպվել է պետականաշինության գաղափարախոսության՝ ոչ։
Դավիթ Բաբայանը փաստել է, որ աշխարհում կան բազմաթիվ օրինակները, երբ ագրեսիայի թիրախ են դառնում ճանաչված պետությունները: Ավելին՝ տարածքներ կարգավիճակի դիմաց մոտեցումն անընդունելի է նաեւ այն պատճառով, որ «կարգավիճակ» ընդհանուր սահմանումը կարող է ենթադրել ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ «Տարածքների հարցը քննարկելիս անհրաժեշտ է հիշել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների՝ Գետաշենի, Շահումյանի, Հյուսիսային Արցախի եւ մասին»,– նշել է Դավիթ Բաբայանը։
«Կարգավորման ճիշտ տարբերակն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության անվերապահ ճանաչումն է։ Դրանից հետո միայն կարելի կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել սահմանների հարցը»,– ամփոփել է Դավիթ Բաբայանը։
Ինչպես արդեն հաղորդվել է, «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է Արցախի շուրջ տարածքների մի մասի վերադարձ՝ Արցախի կարգավիճակի դիմաց։ Նրա ասելով, միջնորդներն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրեր, սակայն կողմերի մոտ բացակայում է քաղաքական կամքը՝ դրանք ընդունելու համար: