
Արմինֆո. Հայաստանում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական արշավը. քաղաքական ուժերի պայքարի մեթոդները չեն փոխվել:
Ինչպես ենթադրվում էր, հատկապես սուր պայքար է ծավալվել Վանաձոր և Գյումրի քաղաքներում: Այս առումով անակնկալ էր Սևանը, որտեղ առաջադրվել է, տեղական չափանիշներով, հինգ ՙհեղինակավոր՚ թեկնածու, ըստ որում՝ նրանցից ոմանք Հանրապետական կուսակցության անդամներ են: Այս առումով Սևանում ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել, այսինքն՝ հանրապետականները պայքարում են քաղաքապետի աթոռի համար ոչ թե ընդդիմության դեմ, այլ՝ միմյանց միջև: Այդ պատճառով կուսակցությունը քաղաքական որոշում է կայացրել Սևանում չաջակցել թեկնածուներից որևէ մեկին, որպեսզի չնեղացնի նրանցից ոչ մեկին: Բայց, իհարկե, հեղինակավոր հանրապետականներն իրենց ֆավորիտներն ունեն թեկնածուների շրջանում, որոնց ոչ հրապարակավ աջակցում են: Այսպես՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և ՀՀԿ որոշ ականավոր ներկայացուցիչներ Սևանի ընտրություններում աջակցում են ՙՍևան՚ ազգային պարկի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանին: Իսկ ահա ներկայիս քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ Գրիգորյանն, ընդհակառակը, լարված հարաբերությունների մեջ է: Դեռ մինչև նախընտրական արշավը նրանք արդեն հասցրել են կեղտ շպրտել միմյանց վրա: Իրավիճակը մի փոքր այլ է Վանաձորում և Գյումրիում: Այստեղ քաղաքապետերի պաշտոնների և ավագանու խորհրդում տեղերի համար պայքարում են միանգամից մի քանի քաղաքական ուժի ներկայացուցիչներ. Վանաձորում՝ Հանրապետական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, ՙՀամախմբումը՚, ՙԲարգավաճ Հայաստանը՚, ՙՔաղաքացիական պայմանագիրը՚, ՀՅԴ-ն, ՙԼուսավոր Հայաստանը՚ և ՙՀայկական վերածնունդը՚: Սակայն, ընտրարշավի ֆավորիտներ են համարվում ՀՀԿ-ից թեկնածու՝ նոտար Մամիկոն Ասլանյանը, Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստիան Մարուքյանը՝ ՙԼուսավոր Հայաստանից և ավագանու խորհրդի անդամ, տեղական հեղինակություն Արկադի Փելեշյանը: Վանաձորի ընտրություններն արդեն աչքի են ընկել քաղաքական պայքարի հայկական ավանդույթներով. թեկնածուները հասցրել են ՙնարկոմաններ՚, ՙալկոհոլիկներ՚, ՙգողեր՚ և ՙձրիակերներ՚ կոչել միմյանց: Թե առաջադրված թեկնածուներից ում կընտրի ժողովուրդը, պարզ կդառնա հոկտեմբերի 2-ին, իսկ առայժմ քաղաքական ուժերը շարունակում են մեղադրել միմյանց անբարեխիղճ պայքարի համար: ՙՀամախմբում՚ կուսակցությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Վանաձորի քաղաքապետարանն ՙօկուպացրել է՚ քաղաքի բոլոր հրապարակները՝ նախօրոք ինչ-որ միջոցառումներ պլանավորելով այնտեղ, որպեսզի խոչընդոտի այլ քաղաքական ուժերի կողմից հավաքների անցկացմանը:
Ինչ վերաբերում է Գյումրիին, այստեղ պայքարին մասնակցում են՝ ՙԴաշինք՚ կուսակցությունը, ՙԲարգավաճ Հայաստանը՚, ՙՀայկական վերածնունդը՚, ՙՔաղաքացիական պայմանագիրը՚, ՀՅԴ-ն, նորաստեղծ ԳԱԼԱ-ն, ՙՀամախմբումը՚, ՙԳյումրեցու ոգի՚ կուսակցությունը, ՙԲալասանյան՚ դաշինքը, ՙԳործարար՚ կուսակցություն: Չնայած Գյումրիի ընտրություններում էկզոտիկ անվանումերով կուսակցությունների առկայությանը՝ ընտրարշավի ֆավորիտներ են՝ ԳԱԼԱ-ն, ՙՀայկական վերածնունդը՚, ՙԲալասանյան՚ դաշինքը և ՙԲարգավաճ Հայաստանը՚: Մասնավոր զրույցներում գյումրեցիները հավաստում են, որ արդար ընտրությունների դեպքում ընտրարշավից անմիջապես առաջ գրանցված ԳԱԼԱ-ն մեծ հաջողություն կգրանցի: Սակայն, ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, այդ կուսակցությունն ամենևին ընդդիմադիր չէ, այլ ՙիշխանական նախագիծ է՚՝ ուղղված կայուն ընդդիմադիր մոտեցումներով հայտնի քաղաքում մնացած ուժերի դիրքերի թուլացմանը: ՙԲալասանյան՚ դաշինքը ստեղծվել է Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից և վայելում է Հանրապետական կուսակցության և այլ իշխանամետ ուժերի աջակցությունը: ՙՀայկական վերածնունդ՚ կուսակցությունը, որի ներկայացուցիչների մեծ մասը Շիրակի մարզից են, քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, իսկ ՙԲարգավաճ Հայաստանը՚՝ Գյումրիի մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին:
Հայաստանի այլ քաղաքներում ՏԻՄ ընտրություններում բազմակարծության մասին խոսել չենք կարող, քանի որ մեծամասամբ գործում են պայքարի հայկական մեթոդները, երբ ինչ-որ ՙանհասկանալի՚ պատճառներով բոլոր թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնում, և ընտրություններում մնում է միայն իշխանությունից թեկնածուն: Այսպես է տեղի ունեցել Մասիս քաղաքում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար հպարտ մենության մեջ պայքարում է գործարար Մհեր Համբարձումյանի (Թույների Մհերը) որդի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի փեսա Դավիթ Համբարձումյանը:
ԶԼՄ-ների միջոցով ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշման վերաբերյալ ահազանգեր են հնչել Վաղարշապատ քաղաքում, որտեղ քաղաքապետ է գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը, և Գորիսում, որտեղ ընդդիմադիր թեկնածուների վրա ճնշում է գործադրում անձամբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: ՀՀԿ ներկայացուցիչներն, իհարկե, այս լուրերը հերքում են: