


Արմինֆո. Շվեյցարիայի դաշնային տրիբունալը չեղարկել է որոշումն ընդդեմ Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի` նրա «ռասիստական բովանդակության հայտարարություբնների» առնչությամբ: Այդ մասին հաղորդել է Tribune de Geneve-ը: Որոշման պատճենն արդեն ուղարկվել է Փերինչեքին:
2005 թվականին Փերինչեքը Հայոց ցեղասպանությունը հրապարակավ հերքել էր Շվեյցարիայում, որն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացման մասին օրենք: 2007 թվականի մարտին Լոզանի դատարանը Փերինչեքին մեղավոր էր ճանաչել ռասայական խտրականության համար` նրան պարտավորեցնելով վճարել տուգանքներ: Վերաքննիչ դատարանը մերժել էր Փերինչեքի բողոքարկումը: Այնուհետև թուրք քաղաքական գործիչը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 2015 թվականի ՄԻԵԴ-ը որոշում էր կայայցրել Փերինչեքի օգտին, գտնելով, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:
Սա Հայոց ցեղասպանության հարցին առնչվող արդեն երկրորդ համանման նախադեպն է վերջին օրերին: Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե Գերմանիայի պատգամավորներին թույլատրվել է այցելել Ինջիրլիքի ռազմակայան, քանի որ Բեռլինը կատարել է դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները, պաշտոնական մակարդակով ընդունելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևի «կատարումն իրավաբանորեն պարտադիր չէ»:
Ավելի վաղ Անկարան Ինջիրլիքի ռազմակայան Գերմանիայի պատգամավորների այցը թույլ տալու դիմաց պահանջել էր «հրաժարվել» նշված բանաձևից: Բեռլինը մերժել էր այդ պահանջը, սակայն պաշտոնական մակարդակով հայտարարել էր, որ բանաձևի «կատարումն իրավաբանորեն պարտադիր չէ»:



