Արմինֆո. «Գազպրոմ Մեժռեգիոնգազի» գլխավոր տնօրենի ռազմավարության և զարգացման գծով տեղակալ Կարեն Կարապետյանի վերաբերյալ տվյալնրն արդեն հեռացվել են ընկերության կայքից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ԱրմԻնֆոն, վկայակոչելով իշխանությանը մոտ իր աղբյուրները, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հավատարիմ մնալով իր վերջին խոստմանը, ձեռնամուխ է եղել, այսպես կոչված, «ժողովրդական համաձայնության» կառավարության ձևավորմանը: Այդ նպատակով արդեն Երևան է կանչվել «Գազպրոմ Մեժռեգիոնգազի» գլխավոր տնօրենի ռազմավարության և զարգացման գծով տեղակալ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ըստ աղբյուրների, Հայաստանի նախագահը մտադիր է նրան առաջարկել գլխավորել «ժողովրդական համաձայնության» կառավարությունը: Հրաժարականից հետո Հովիկ Աբրահամյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում: Փոփոխություններ տեղի կունենան նաև նախարարական կազմում: Այսպես, աղբյուրների համաձայն, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կնշանակվի արտաքին գործերի նախարար, իսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կուղարկվի Ֆրանսիա` որպես դեսպան: Չի բացառվում, որ Վիգեն Սարգսյանի փոխարեն նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, այդ դեպքում ԱԱԽ կներառվի պետության ղեկավարի աշխատակազմում: Աղբյուրների համաձայն, առաջիկայում զբաղեցրած պաշտոնից կարող է զրկվել նաև Մաքսային ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը: Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կուղարկվի Վրաստան որպես դեսպան` Յուրի Վարդանյանի փոխարեն: Իսկ գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարանի քվեարկությանը կներկայացվի գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի թեկնածությունը:
Արդեն վաղը կկայանա ՀՀԿ խորհրդի նիստ, որը գումարվում է կարևոր համահանրապետական իրադարձություններից առաջ կամ հետո: Ինչպես սպասվում է,
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետականներին կներկայացնի առաջիկա կադրային փոփոխությունները: