Արմինֆո. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա կադրային փոփոխությունները կառավարող ՀՀԿ հետ կքննարկի արդեն վաղը` կուսակցության խորհրդի նիստում:
Նշենք, որ ի տարբերություն ՀՀԿ գործադիր մարմնի նիստերի, որոնք անցկացվում են ամեն հինգշաբթի, խորհրդի նիստերը, որոնց մասնակցում է հանրապետականների ավելի լայն կազմ, գումարվում են շատ հազվադեպ` հանրապետության համար կարևոր իրադարձություններից առաջ կամ հետո:
Չնայած այն հանգամանքին, որ խորհրդի նիստի օրակարգը կուսակցության անդամներին առայժմ ստույգ հայտնի չէ, նրանք ենթադրում են, որ նախագահն այս անգամ իրենց հավաքում է հենց կառավարության առաջիկա կադրային փոփոխությունները ներկայացնելու համար: «Առայժմ մեզ որոշակի ոչինչ չեն ասել, սակայն, ենթադրաբար, մեզ հավաքում են հենց նախարարների կաբինետի մոտալուտ փոփոխությունները ներկայացնելու համար, չէ որ խորհրդի նիստ ամեն օր չի անցկացվում, և, նույնիսկ` ոչ ամեն ամիս», - նշել է ՀՀԿ պատգամավոր, կուսակցության խորհրդի անդամ Կարինե Աճեմյանը:
Հավելենք, որ հայկական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, սեպտեմբերի 21-ին սպասվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա գլխավորած կառավարության հրաժարականը: Ինչպես ավելի վաղ հաղորդել է ԱրմԻնֆոն, վկայակոչելով իշխանությանը մոտ իր աղբյուրները, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հավատարիմ մնալով իր վերջին խոստմանը, ձեռնամուխ է եղել, այսպես կոչված, «ժողովրդական համաձայնության» կառավարության ձևավորմանը: Այդ նպատակով արդեն Երևան է կանչվել «Գազպրոմ Մեժռեգիոնգազի» գլխավոր տնօրենի ռազմավարության և զարգացման գծով տեղակալ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ըստ աղբյուրների, Հայաստանի նախագահը մտադիր է նրան առաջարկել գլխավորել «ժողովրդական համաձայնության» կառավարությունը: Հրաժարականից հետո Հովիկ Աբրահամյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում: Փոփոխություններ տեղի կունենան նաև նախարարական կազմում: Այսպես, աղբյուրների համաձայն, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կնշանակվի արտաքին գործերի նախարար, իսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կուղարկվի Ֆրանսիա` որպես դեսպան: Չի բացառվում, որ Վիգեն Սարգսյանի փոխարեն նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, այդ դեպքում ԱԱԽ կներառվի պետության ղեկավարի աշխատակազմում: Աղբյուրների համաձայն, առաջիկայում զբաղեցրած պաշտոնից կարող է զրկվել նաև Մաքսային ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը: Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կուղարկվի Վրաստան որպես դեսպան` Յուրի Վարդանյանի փոխարեն: Իսկ գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարանի քվեարկությանը կներկայացվի գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի թեկնածությունը: