
Արմինֆո.«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան շարժման նախաձեռնությամբ, որին միացել են սփյուռքյան բազմաթիվ համայնքներ և կազմակերպություններ, սեպտեմբերի 17-ին աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվում են բողոքի և համերաշխության ցույցեր։
«Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժումը վերստին հաստատում է իր աջակցությունը Սասնա Ծռերին և իր մասնակցությունը Սասնա Ծռերի մեկնարկած ազատագրական պայքարին: Ցույցերի պահանջները հետևյալն են՝
1. Անհապաղ ազատ արձակել ՀՀ-ում բոլոր անօրինաբար ձերբակալվածներին ու քաղբանտարկյալներին, անմիջապես դադարեցնել դաժան հետապնդումները նրանց ընտանիքների և համախոհների նկատմամբ։
2. Արցախը ներառյալ ազատագրված տարածքները հայ ժողովրդի և Հայաստանի անքակտելի մասն են կազմում: Դադարեցնել Արցախի կարգավիճակի շուրջ տարվող ապազգային գործընթացները՝ թե արտաքին բանակցային և թե ներքին քարոզչական, և քայլեր ձեռնարկել Արցախի և ազատագրված տարածքների դե յուրե միացումը իրականացնելու ուղղությամբ:
3. Պահանջում ենք Սերժ Սարգսյանի և ողջ իշխանությունների հրաժարականը։ Դեռևս ազատության մեջ մնացած և պայքարող գործիչներին հորդորում ենք իշխանությունների հեռացման գործընթացին զուգահեռ արագորեն լծվել ժամանակավոր անցումային կառավարության ստեղծման և դրան հետևող օրինական ընտրությունների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում իրավական կարգերի հաստատման գործին։
4. Անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության անկախությունը ոչնչացնող, Հայաստանը օտար տերության գաղութի վերածող արտաքին քաղաքականությունը:
Մենք խոստանում ենք մեր ողջ ներուժը նվիրաբերել սույն անհետաձգելի նպատակների իրականացման գործին։ Սասնա Ծռերի շարժումը սատարելու նպատակով սեպտեմբերի 17-ին նախատեսում ենք աշխարհի տարբեր քաղաքներում իրականացնել համերաշխության ցույցեր: Արդեն իսկ հետևյալ 10 քաղաքներն ընդգրկված են՝
ԱՄՆ - Լոս Անջելես, ԱՄՆ - Նյու Յորք, ԱՄՆ – Բոստոն, ԱՄՆ - Բոյսի (Այդահոի նահանգ)
Ֆրանսիա – Փարիզ, Ֆրանսիա – Լիոն, Գերմանիա – Քյոլն, Իսպանիա – Բարսելոնա, Իտալիա – Ֆլորենսիա, Ռուսաստան – Մոսկվա: Կոչ ենք անում այլ քաղաքների միանալ և սատարել Սասնա Ծռերի սկսած շարժումը: Հետադարձ կապի և համերաշխության ցույցերի համակարգման նպատակով օգտվեք հետևյալ էջից http://www.armenianrenaissance.org/contact-us/», - ասվում է «Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը: