
Արմինֆո.«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժումը դատապարտում է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի ղեկավար Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ իշխանությունների հետապնդումները:
«Բանտից օրերս ազատ արձակված մեր ժամանակների հերոսը ՀՀ տխրահռչակ ոստիկանական մարմինների կողմից կրկին թիրախավորվել է: Նրանից առգրավել է հատուկ ծրագրով աշխատող համակարգիչը, անձնագիրը և բանկային քարտը, հեռախոսն ենթարկվում է խստագույն հսկողության: Այս և մյուս անօրինաբար ձեռնարկված գործողությունների միջոցով էժան փորձ է արվում առավելագույնս սահմանափակել ՀՀ իշխանությունների համար ահ ու սարսափ դարձած Ենիգոմշյանի մտքի ու հեղափոխական ազդեցության հնարավորություններն ու սահմանները: Հեռու իր հարազատնեիրց, վերջերս նաև կնոջը կորցրած Ենիգոմշյանը, միլիոնավոր հայերի համար մնում է հայկականի չափման բարոմետրը: ՀՀ պետական մարմինների այս սկանդալային պահվածքը այժմ հասարակական մեծ հնչեղություն է ստացել և համատարած քննարկվում է ոչ միայն հայաստանյան լայն շրջանակներում, այլև սփյուռքյան ամենատարբեր կառույցներում և համայնքներում: «Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժումը խիստ դատապարտում է ՀՀ նախագահի և նրան ենթակա կառույցների զազիր մոտեցումը հերոսի նկատմամբ և նրանցից պահանջում անմիջապես վերադառնալ մարդկային բանականության հարթություն և դադարեցնել հետապնդումները Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ, անմիջապես նրան վերադարձնել հատուկ ծրագրով աշխատող համակարգիչը, անձնագիրը, բանկային քարտը և բոլոր այն իրերը, որոնգ անվտանգության ծառայողները առևանգել են նրանից: ՀՀ նախագա´հ և իշխանություննե´ր, մեր հորդորն ու պահանջն ընդունեք որպես մարտից առաջ ձեզ տրված վերջին հնարավորություն: Այն դեռ կարող է կանխել Հայաստան-Սփյուռք խարխլված կամրջը վերջնակակապես քանդելու ձեր ծայրահեղ վտանգավոր «քաղաքականության» վազքարշավը և ժողովրդական զանգվածների մոտ թողնել երբևիցե ձեզ ներելու վերջին հույսը: Մենք հետևում ենք զարգացումներին և սպասում ենք ձեր մարդկային դարձին», - ասվում է «Հայկական վերածնունդից» ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում, որն ստորագրել են ՀՎ Լոս Անջելեսի, Բոստոնի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լիբանանի, Կանադայի, Նյու Յորքի, Շվեդիայի, Չեխիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի մասնաճյուղերը: