Արմինֆո. Այս պահին մենք նման տեղեկատվության չենք տիրապետում, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել են Ոստիկանության մամուլի ծառայությունում՝ մեկնաբանելով հայ իրավապահների կողմից Թայվանի 34 քաղաքացու անձնագրի առգրավման վերաբերյալտեղեկատվությունը:
Մինչդեռ, ինչպես հայտնում է Focus Taiwan-ը, վկայակոչելով Թայվանի ԱԳՆ-ը, մանդարիներեն խոսող կասկածյալների ձերբակալման հատուկ գործողության շրջանակում ՀՀ ոստիկանության աշխատակիցներն օգոստոսին խուզարկել են երկու տուն և հյուրանոցը, որտեղ ապրել են Թայվանի քաղաքացիներ:
ՙՈստիակնությունն առգրավել է Թայվանի 34 քաղաքացու անձնագիր, նրանց բջջային հեռախոսները, համակարգիչները: Այժմ նրանք ազատության մեջ են գտնվում, սակայն չեն կարող լքել Հայաստանի տարածքը, քանի որ նրանց անձնագրերն առգրավված են: Թայվանի քաղաքացիներից որոշներն օգնության համար դիմել են Ռուսաստանում Թայվանի ներկայացուցչություն: Մոսկվայում ներկայացուցչության ղեկավար Դևիդ Վանն իր քաղաքացիներին աջակցելու նպատակով ուղևորվել է Հայաստան, քանի որ Հայաստանում Թայվանի ներկայացուցչություն չկա՚,- թերթը մեջ է բերում արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը:
ԱրմԻնֆո-ին առայժմ չի հաջողվել այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալ Ռուսաստանում Թայվանի ներկայացուցչությունից:
Թայվանի խնդրում Հայաստանը հավատարիմ է «մեկ Չինաստանի՚ վերաբերյալ իր ավանդական դիրքորոշմանը: Այս մոտեցումը վերահաստատել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը 2011 թ. իր գործընկեր Յան Ձիեչիի հետ հանդիպման ժամանակ: 2015 թ. մարտի 25-ին Չինաստան այցի ընթացքում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընդունած համատեղ հռչակագրում նույնպես հաստատվել է այդ դիրքորոշումը: