

Արմինֆո. «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը, ով արդեն 20 օր հացադուլի մեջ է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, մտադիր չէ դադարեցնել հացադուլը: Այդ մասին նա հաղորդել է բոլոր պայքարակից ընկերներին ու սրտացավ մարդկանց հղած ուղերձում:
«Շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար, սակայն գտնում եմ, որ անհրաժեշտ է շարունակել հացադուլը, ժողովուրդը պետք է շարունակի պայքարը», - նշել է Անդրիաս Ղուկասյանն իր ուղերձում:
Հիշեցնենք, որ նախօրեին Վերաքննիչ դատարանը 5 օրով հետաձգել է Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցի քննարկումը:
Դատարանը բավարարել է նիստի հետաձգման վերաբերյալ փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի միջնորդությունը, քանի որ նրանց պաշտպանյալը ցանկացել է մասնակցել նիստին: Պաշտպանները նման միջնորդությամբ էին հանդես եկել նախորդ օրվա դատական նիստում:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել է հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների առնչությամբ: Նա մեղադրվում է երթի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հավաստմամբ, ընդդիմադիր գործիչն իրեն համարում է քաղբանտարկյալ:



