Արմինֆո. Օգոստոսի 19-ին Վերաքննիչ դատարանը 5 օրով հետաձգել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցի քննարկումը:
Դատարանը բավարարել է նիստի հետաձգման վերաբերյալ փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի միջնորդությունը, քանի որ նրանց պաշտպանյալը ցանկացել է մասնակցել նիստին: Պաշտպանները նման միջնորդությամբ էին հանդես եկել նախորդ օրվա դատական նիստում:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել է հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների առնչությամբ: Նա մեղադրվում է երթի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Կալանավայրում հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հավաստմամբ, ընդդիմադիր գործիչն իրեն համարում է քաղբանտարկյալ: «Ընդհանուր առմամբ, առողջական վիճակը, կարծես, նորմալ է, բայց հասկանալի է, որ հացադուլի 18 օրերն արդեն որոշակի հետևանքներ ունեն, նա թույլ է, ճնշումը ցածր է», - նշել է փաստաբանը:
Նշենք, որ նույն մեղադրանքն էր առաջադրվել նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, նույն կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանին և հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանին: Վերաքննիչ դատարանի որոշմամբ Արմեն Մարտիրոսյանն ազատ է արձակվել գրավի դիմաց: