

Արմինֆո. «Սասնա ծռեր» խմբի զինյալ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլը), ով կալանավորված է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ցանկանում է մասնակցել աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Նա այդ մասին հաղորդել է նախօրեին` իր փաստաբանի միջոցով:
«Սասնա Ծռերի» զինյալի` «Ֆեյսբուքում» տարածված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Արդեն երկրորդ օրը «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը եւ ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին: Հայտարարոմ եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանությունները ավելացնում են եւս մեկ ապօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը:
Այսպիսի պայմաններում, երբ ողջ իշխանությունը գործում է օրենքից դուրս, առարկայազուրկ է որեւէ պահանջ ներկայացնել օրինականության հաստատման վերաբերյալ: Գործող իշխանությունները, որի գործելաոճը մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումն է, իրավունք չունի ղեկավարելու Ազատ, Անկախ, Ժողովրդավար Հայաստանը», - գրել է Խանդոյանը:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվեկ ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով (պատանդառություն) և 235-րդ մասով (զենքի ապօրինի ձեռք բերում, պահում, կիրառում, փոխադրում և իրացում):



