
ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել է հայտարարություն, որում պարզաբանում է հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձույթունների հետևանքով ձերբակալված անձանց հետ տեսակցությունների սահմանափակման պատճառները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ նշվում է, որ վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում և հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ հարթակներում պարբերաբար քննարկվում են 2016թ. հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ հանցանքների մեջ մեղադրվող և անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը:
«ՀՀ գլխավոր դատախազությունը, հետաքննության և նախաքննության, ինչպես նաև
պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ
հսկողություն իրականացնելու սահմանադրական իր գործառույթի իրացման շրջանակներում,
լիազորված է պարզաբանել, որ տարբեր քրեական գործերով անցնող մեղադրյալների
տեսակցության իրավունքի սահմանափակումը պայմանավորված է հետևյալ փաստական հանգամանքներով.
1. քրեական գործերով անցնող մեղադրյալներին ներկայացված մեղադրանքի բնույթով և
հանրային վտանգավորության աստիճանով, այն է, որ դրանք առավելապես հասարակական
անվտանգության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ են,
2. ենթադրյալ հանցանքների կատարման ընթացքում և դրան նախորդող ժամանակահատվածում
մեղադրյալների դրսևորած վարքագծով, այն է՝ միմյանց միջև կայուն և տևական կապով,
ինչպես նաև ներկայումս նրանց տեսակցելու ցանկություն հայտնած անձանց, այդ թվում՝
ընտանիքի անդամների և որոշ պատգամավորների հետ նախկինում ունեցած շփումներով,
3. մեղադրյալներին վերագրվող արարքներն ավարտվելուց հետո իրավասու իրավապահ
մարմինների կողմից հանցավոր այլ դրսևորումների բացահայտման, ներառյալ՝ մեծաքանակ
զենք և ռազմամթերք հայտնաբերելու փաստերով, հետևաբար, և ազատության մեջ հնարավոր
հանցակիցներ ունենալու ողջամիտ ենթադրությամբ և բարձր հավանականությամբ:
Այս պայմաններում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը
(15 հոդվածի 9-րդ պարբերությունը) նախատեսում է իրավաչափ նպատակով, այն է՝
քննության շահերից ելնելով, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ
օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի
և այլ անձանց հետ (բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի) ձերբակալված կամ
կալանավորված անձի տեսակցությունն արգելելու հնարավորություն:
Թեև ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցության իրավունքը սահմանափակվել է
օբյեկտիվ փաստերի հիման վրա և օրինական հիմքով, այդուհանդերձ, յուրաքանչյուր
մեղադրյալի համար դրա հետագա պահպանման անհրաժեշտության հարցը ենթակա է առանձին
քննարկման՝ առկա իրավիճակի և զարգացման միտումների հաշվառմամբ:
Ուստի ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է հետաքրքրված հանրությանը հարգել
քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումներն ու գործողությունները,
կանխարգելիչ այս միջոցի կիրառումը չդարձնել արհեստական քննարկուների կամ
շահարկումների առարկա, և չփորձել այդ կամ ոչ իրավաչափ որևէ այլ ձևով ներազդել
իրավասու պաշտոնատար անձանց լիազորությունների իրականացման վրա:
Հույս ենք հայտնում նաև, որ օրենքի ուժով նշված սահմանափակման կիրառման տիրույթում
չհայտնված անձինք օրենքով տրված արտոնությունը կօգտագործեն բացառապես իրենց
մասնագիտական գործառույթների իրականացման նպատակով՝ հարգելով սեփական առաքելությունն
ու արդարադատության շահերը», – նշված է ՀՀ գերագույն դատախազության հայտարարության
մեջ։