


Երևանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սասնա Ծռեր» խմբավորման զինյալ Սեդրակ Նազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել: Ինչպես հաղորդել է Նազարյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի Սեդրակ Նազարյանին գրավի դիմաց ազատ արձակեն, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը: Փաստաբանի ասելով, Սեդրակ Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իր համար պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել հարցերին, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից եւ արտաքին աշխարհի հետ որեւէ կապից:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Սեդրակ Նազարյանը կրծքավանդակի շրջանում վիրավորում էր ստացել «Սասնա Ծռերի» կողմից հուլիսի 17-ին զավթված ՊՊԾ գնդի տարածքում, և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։ ՊՊԾ գնդի տարածքի զավթման գործով 47 մարդու առաջադրվել են համանման մեղադրանքներ: Նրանցից 24-ը մեղադրվում են նաև պատանդառության համար: Խմբավորման զինյալների մեծ մասն այդ մեղադրանքները չեն ընդունում:



