


Ոստիկանությունը ներկայացրել է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում ի զորակցություն «Սասնա Ծռերի» ցույցը ցրելիս կիրառված հատուկ միջոցների ցանկը:
«Իրազեկ քաղաքացիների պաշտպանություն» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում զետեղել է ոստիկանության պատասխանը` կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ իր պաշտոնական հարցմանը: Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը գրավոր տեղեկացրել է, որ ցուցարարների ցրելու ժամանակ ոստիկանության կողմից կիրառվել են հետևյալ հատուկ միջոցները. 24 հատ լուսաձայնային «Զարյա» անբեկոր նռնակ, 6 հատ «Սվիրել» 40 մմ լուսաձայնային արկ, 4 հատ ձեռքի լուսաձայնային միատար «Ֆակել-Ս» նռնակ, 3 հատ լուսաձայնային գրգռիչ ազդեցության «Դրոֆա» նռնակ: «Միայն հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանությունը կիրառել է 34 լուսաձայնային և 3 արցունքաբեր նռնակ», - գրել է Իոաննիսյանը, հիշեցնելով, որ այդ օրը 25 քաղաքացի ընկել է հիվանդանոց, իսկ 18 ոստիկան թունավորվել է իրենց իսկ գազերով:



