
Օգոստոսի 12-ին դատարանը երկարաձգել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը, ով ձերբակալվել էր Երևանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում։ Ըստ նրա փաստաբան Հայկ Ալումյանի, Շիրխանյանը նիստին ներկա չի գտնվել վատառողջ լինելու պատճառով: «Շիրխանյանի առողջական վիճակը շատ ծանր է, նա դժվարությամբ է քայլում: Նրան մշտապես հետազոտում են, մշտապես բացահայտվում են առողջության հետ կապված նոր պրոբլեմներ»,-ասել է փաստաբանը:
Վահան Շիրխանյանը ձերբակալբվել էր 2015 թվականի դեկտեմբերի 12-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով: Դեկտեմբերի 21-ին Երևանի Կենտրոն-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վահան Շիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը: ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել էր կազմակերպված հանցագործ խմբավորումը, որը մի շարք ծանր հանցագործություններ էր նախատեսում ՀՀ տարածքում: Երևանի նախկին բնակիչ, ներկայում արտասահմանում ապրող Արթուր Վարդանյանը Երևան էր ժամանել 2015 թվականին, ստեղծելով նշված հանցագործ խումբը և ղեկավարելով այն: Ըստ նախնական տվյալների, խումբ մեծ քանակով զենք է ձեռք բերել, որը պահվել է Նորք-Մարաշ շրջանի տներից մեկում: Նոյեմբերի 25-ին ոստիկանության օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգներ, ատրճանակներ, ականանետրեր, պայթուցիկներ, զինվորական համազգեստ, զրահաբաճկոն, կապի միջոցներ: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1 և 2 մասերով, ինչպես նաև 235 հոդվածի 3 մասով: Քննոթյունն ընթանում է:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել 33 անձանց, որոնցից 25-ը գտնվում է կալանքի տակ: Այդ թվում ձերբակալվել են`Վահան Շիրխանյանը, «Հայրենիք և պատիվ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, «Եղվարդ գործարանային սպորտային կոշիկներ» ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը: