Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA), հիմնվելով ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի աջակցության վրա, ընդլայնում է մադրիդյան սկզբունքների դեմ նախորդ շաբաթ նախաձեռնած արշավը և Սպիտակ տանը կոչ է անում ավելի հավասարակշռված և հաստատուն մոտեցում մշակել Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղություն հաստատելու համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ANCA-ից, նախագահ Բարաք Օբամային և փոխնախագահ Ջոզեֆ Բայդընին հղված նամակ-դիմումում, մասնավորապես, խոսք է գնում ԱՄՆ արդարության հավատին և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին հակասող ամեն մի որոշման կայացմանը դիմակայելու անհրաժեշտության մասին: «Այսօր Արցախը, չնայած տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի ագրեսիայի քաղաքականությանը, պահպանում է հավատարմությունը ժողովրդավարության ամրապնդման գործին, զարգացնում բաց տնտեսության քաղաքականությունը և տարածաշրջանային տերությունների, միջազգային հանրության, ԵԱՀԿ հետ գործընկերային հարաբերությունների հաստատմանն ուղղված աշխատանքը` տարածաշրջանմում արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ», - ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում մեկնարկել էր «մադրիդյան սկզբուննքերի» դեմ արշավը: Ամերիկայի հայ ազգային կոմիտեն ԱՄՆ քաղաքական գործիչների և կոնգրեսականների մասնակցությամբ լսումների ընթացքում կոչ էր արել հրաժարվել մադրիդյան սկզբունքներից և Վաշինգտոնի նոր մոտեցումներ մշակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ: Կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի ասելով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի յուրաքանչյուրի ազատ ապրելու իրավունքի վրա` անկախ արտաքին ազդեցությունից:
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն անթույլատրելի է համարում մադրիդյան սկզբունքների կետերից մեկի իրագործումը, որը վերաբերում է Արցախի վերահսկողության տակ գտնվող 7 շրջանները վերադարձնելուն` հակամարտության գոտում Բաքվի մշտական ագրեսիայի ֆոնին: Այնուհետև կոմիտեն Օբամային կոչ է անում Բաքվի նկատմամբ ճնշում գործադրել շփման գծից դիպուկահարների հետ քաշման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվի ավելացման վերաբերյալ կնոգրեսականներ Ռոյսի և Էնգելի առաջարկությունների ընդունման գործում: «Վաշինգտոնը նաև պետք է բացահայտ կերպով դատապարտի Բաքվի ագրեսիան և Ստեփանակերտին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ», - կարծում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն: Կոմիտեն նաև Սպիտակ տան վարչակազմին կոչ է անում մինչև 5 մլն դոլար ավելացնել ամենամյա օժանդակությունն Արցախին և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին: