Ղարաբաղյան հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԶԼՄ ներկայացուցիչների` ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները:
«Բնականաբար, մեր այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցն էր, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դա, նախևառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը: Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի Նախագահին այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցությամբ գործադրում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, և այդ գործընթացում Նախագահ Պուտինի մեծ անձնական ներդրման համար: Դեռևս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Այդ սկզբունքներն անփոփոխ են: Նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է: Հենց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ: Նման զգայուն թեմայի հետ կապված խաղաղ գործընթացը, բանակցությունները երբեք հեշտ չեն լինում: Բոլոր այն փորձերը, որոնց արդյունքում կարող են խախտվել ուժերի հավասարակշռությունը, առաջանալ հաղթողներ ու պարտվողներ, դատապարտված են ձախողման և նոր լարվածության: Պետք է բոլորը շահեն իրատեսական, հստակ և իրագործվող որոշումների արդյունքում, որոնց հիմքում փոխադարձ հարգանքն ու վստահությունն է, այլ ոչ թե ատելությունն ու այլատյացությունը», - ասել է Սերժ Սարգսյանը: