
Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիվացումից, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԶԼՄ ներկայացուցիչների` ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակի ահղորդման համաձայն, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ հյուրընկալության համար: Բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը համապատասխանում է մեր երկրների միջև հարաբերությունների մակարդակին: Այդ հարաբերություններն ընդգրկում են մեր պետությունների կենսագործունեության բոլոր ոլորտները` սկսած ՀԱՊԿ ուղղությամբ դաշնակցային գործընկերությունից մինչև տնտեսական ինտեգրացում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում և սերտ համագործակցություն հումանիտար ոլորտում: Մեր տարածաշրջանների միջև կապերն ընդլայնվում են, և դրա մեջ մեծ դեր են խաղում պարբերական դարձած միջտարածաշրջանային հայ-ռուսական համաժողովները, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև ուղիղ կապերը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում, որտեղ զուգահեռ ընթանում են կայունության և անվտանգության վրա ազդող բազմաթիվ գործընթացներ: Հայաստանում ուշադիր հետևում էին վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Նախագահի ինտենսիվ արտաքին քաղաքական շփումներին, ինչը լիովին հասկանալի է՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան Հայաստանի սահմանակից պետություններ են: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի Նախագահին այդ հանդիպումների ընթացքի մասին մանրամասն տեղեկատվության համար և համոզված եմ, որ Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիվացումից: Մենք այսօր քննարկել ենք նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության աճի էական հաջողությունները: Դա ուղիղ պատասխան է այն թերահավատներին, ովքեր կանխագուշակում էին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի տա Հայաստանին ոչ մի առավելություն: Բավական է նշել, որ չնայած բոլոր միջազգային դժվարություններին և խոչընդոտներին, մեր առևտրաշրջանառությունը զգալի աճել է, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում աճել է գրեթե 90 տոկոսով՝ հասնելով իր պատմական առավելագույնին կիսամյակի ընթացքում: Համոզված եմ, որ մենք կկարողանանք պահպանել և զարգացնել այդ դինամիկան, քանի որ մեր երկրների միջև առկա առևտրատնտեսական ներուժը նույնիսկ այսօր ոչ լիարժեք է օգտագործվում», - նշել է նախագահը:
«Վլադիմիր Վլադիմիրի, խաղաղության և համերաշխության թեմաները հատկապես արդիական են Օլիմպիական խաղերի օրերին: Մենք ևս մեկ անգամ հաջողություններ կմաղթենք Ռուսաստանի և Հայաստանի հավաքականներին և ցանկանում ենք միասին ուրախանալ մեր և ձեր մարզիկների նվաճած հաջողություններով: Մենք շատ հպարտանում ենք, որ հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկները հասել են շատ լավ արդյունքների: Մի քանի ամիս առաջ Երևանում բացվել է համաշխարհային գեղասահքի լեգենդ Իրինա Ռոդնինայի անվան դպրոց: Ես համոզված եմ, որ համատեղ սպորտային հաղթանակները և նվաճումները լիովին արտացոլում են մեր ժողովուրդների փոխադարձ զգացմունքները: Ինչպես ասվում է՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի», - ամփոփել է Սերժ Սարգսյանը: