
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանի` կալանքից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցին:
Վկայակոչելով Ալեք Ենիգոմշյանի այն խոսքերը, թե «այս ամեն ինչից մեր երկիրը, Հայաստանը շահեկան պետք է դուրս գա: Շահեկան նշանակում է թեկուզ եւ մի պահ, պայմանականորեն ընդունել, մի կողմ դնել Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ԱԺ պատգամավոր
Նիկոլ Փաշինյանը հյատարարել է. «Հույս ունեմ մյուս տղերքն էլ շուտով ազատության մեջ կհայտնվեն, եւ հանգիստ պայմաններում Սերժ Սարգսյանը ձեզ կխոստանա անել Հայաստանի համար օգտակար բարեփոխումներ: Հույս ունեմ ինձ չեք հրավիրի Սերժ Սարգսյանի հետ «վերկուսակցական» քննարկումների: Այլեւս չեմ ուզում խանգարել ձեր կառուցողական եւ կոնֆիդենցիալ երկխոսությանը, ինչպես ակամա խանգարեցի հուլիսի 22-ին»:
Ինչպես նախօրեին հաղորդվել է, կալանքից ազատ արձակված Ալեք Ենիգոմշյանը նախօրեին լրագրողներին հայտարարել էր, որ հանձնման մասին որոշումը «Սասնա ծռեր» խումբն ինքն է ընդունել, ոչ ոք նրանց չի պարտադրել: Նա ընդգծել է, որ հարգում է խմբի այդ որոշումը և այն չի համարում անմիտ: «Իրենց պայքարը, չնայած հանձնվելուն, չանցավ անարդյունք, նրանք իրենց գործողություններով երկրում ստեղծեցին բոլորովին նոր մթնոլորտ»,-հայտարարել է Ենիգոմշյանը: Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբին հանձնվելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանի և «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի միջև խոստացված հանդիպմանը, Ենիգոմշյանն ընդգծել է, որ իշխանությունները հերթական անգամ չկատարեցին իրենց խոստումը: Ենիգոմշյանը հաստատել է նաև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի և ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալու համար Սեֆիլյանը ժամանակավորապես առաջարկել էր հրաժարվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: «Սեֆիլյանն ուզում էր, որպեսզի կայանար իր հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նրանք բանակցեին երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ և գտնեին դուրս գալու ողիները, և եթե նրանց միջև փոխհամաձայնոթյուն կայանար, Սեֆիլյանը պատրաստ էր իր զինակիցներին կոչ անել հրաժարվել նախագահի հրաժարականի պահանջից»,-պարզաբանել է Ենիգոմշյանը:
Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու ինքը չշարունակեց պայքարը «Սասնա ծռեր» խմբի կողմում, ընդգծել էր, որ խումբն ու նրա առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ի սկզբանե հանդես էին գալիս մեկ օրակարգով, որի առանցքային պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր: «Մենք ընդունեցինք այդ օրակարգը և սկսեցինք պայքարել դրա իրականացման ուղղությամբ, բայց ինչ-որ փուլում պարզ դարձավ, որ «Սասնա Ծռերի» ղեկավարոթյունը և Սեֆիլյանը, մասնավորապես, այն փոխել են, և սկզբնական պահանջի իրականացմանն ուղղված մեր պայքարը դարձավ իզուր»,-պարզաբանել էր Փաշինյանը: