Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ օլիմպիական խաղերի Հայաստանն իր անկախության պատմության մեջ առաջին անգամ ներկայանանում է 33 մարզիկներով, ովքեր կպայքարեն 8 մարզաձևերում (ըմբշամարտ, բռնքամարտ, ծանրամարտ, լող, մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, ձյուդո):
Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, Հայաստանի հավաքականում կան աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ, Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի մեդալակիր, Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն և փոխչեմպիոն, ռեկորդակիրներ: Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կներկայանա 3 մարմնամարզիկով, որտեղ կունենա նաև կին մարզիկ (խմբ. Հուրի Գեբեշյան): Հատկանշական է, որ Խաղերի մասնակիցներից գրեթե բոլորն իրենց իսկ նվաճած ուղեգրերով են մեկնում (լողորդներ` Վահան Մխիթարյանը, Մոնիկա Վասիլյանը և հրաձիգ Հրաչիկ Բաբայանը կմասնակցեն Սպիտակ քարտերով): Առաջին անգամ հայ բռնցքամարտիկները Խաղերին կմասնակցեն ռեկորդային` 5, իսկ աթլետները` 6 մարզիկներով:
Օգոստոսի 5-ի` լույս 6-ի գիշերը Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում վառվեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակն՝ ազդարարելով քառամյակի ամենասպասված իրադարձության մեկնարկը։ Մոտ 74 հազար հանդիսական էր ներկա Հարավային Ամերիկա մայրցամաքում առաջին անգամ անցկացվող խաղերին։ Մինչ կսկսվեր պաշտոնական մասը, կազմակերպիչները ժամանակակից համակարգչային ձևավորումների միջոցով ներկայացրեցին Բրազիլիայի պատմությունը։ Այնուհետև, աշխարհի 205 պետության մարզիկները պատվո շրջան կատարեցին մարզադաշտում։ Հայաստանի դրոշը տանում էր լողորդ Վահան Մխիթարյանը։ Ողջույնի խոսքով մարզիկներին դիմեցին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և «Ռիո-2016»-ի կազմկոմիտեի նախագահ Կառլոս Նուզմանը՝ կոչ անելով մարզիկներին հավատարիմ մնալ օլիմպիական գաղափարախոսությանը։ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը վառելու պատիվը տրված էր Վանդերլայ Կորդերո լա Լիմային՝ Օլիմպիական խաղերի բրոնզե և «Պիեռ դե Կուբերտեն»-ի անվան մեդալակրին։
Օգոստոսի 6-ին հայ մարզիկները սկսում են իրենց մրցելույթներն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում: Մրցումային առաջին օրը իրենց պայքարն են սկսում` բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը և մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: Հովհաննես Դավթյանը պայքարը կսկսի տեղական ժամանակով` ժամը 11:00-ին, Արթուր Հովհաննիսյանը` 11:30-ին, իսկ մարմնամարզիկները` 14:30-ին: