Ռուսաստանը չի հավակնում մենաշնորհի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոնումներում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ԱզերԹաջ» գործակալության հետ հարցազրույցում, հաղորդում է «Կոմերսանտը»: «Երբեմն ստիպված ենք լինում լսել, թե Ռուսաստանը փորձում է մենաշնորհել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված աշխատանքը` դուրս մղելով մյուս միջնորդներին: Դա մոլորություն է: Ղարաբաղյան թեմայով եռակողմ հանդիպումները Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, իսկ դրանք ավելի քան քսան են, ներդաշնակորեն լրացնում են այդ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Նշեմ, որ ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչները ներկա են եղել Սանկ Պետերբուրգում կայացած եռակողմ գագաթնաժողովի ամփոփիչ մասին»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը: Նա հավելել է, որ մայիսի 16-ին Վիեննայում ԱՄՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը, որին հրավիրվել էին նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Հառլեմ Դեզիրը: «Նման մոտեցումն այն բանի օրինակ է, թե ինչպես կարելի է և անհրաժեշտ է աշխատել միջազգային հակամարտությունները կարգավորելիս: Հուսով եմ` համատեղ ջանքերով մեզ կհաջողվի օգնել կողմերին հասնել բոլորին ձեռնտու լուծման»,- հավելել է պարոն Պուտինը:
Թերթը հիշեցնում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ղելկավարներն օգոստոսի 8-ին եռակողմ հանդիպում են անցկացնելու Բաքվում: Վլադիմիր Պուտինը և Սերժ Սարգսյանը հանդիպելու են օգոստոսի 10-ին Մոսկվայում, և բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկելու են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, որը կտրուկ սրվել էր ապրիլի սկզբին. սկսվել էին կատաղի զինված բախումներ, ինչից հետո հակամարտող կողմերը միմյանց մեղադրեցին հրադադարը խախտելու համար: Ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածությոջւն ձեռք բերվեց շփման գծում ադրբեջանական և հայկական զորքերի ռազմական գործողությունների դադարեցման շուրջ: