


ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիս 29-30-ին Սարի թաղում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություններ են սկսվել՝ ինչպես ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց տեխնիկական միջոցները վնասելու դեպքերով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, Վլադիմիր Գասպարյանն արդեն սկսել է կադրային փոփոխությունները: Նրա հրամանով արդեն պաշտոնից ազատվել է Էրեբունու շրջանի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանը, ում փոխարեն նշանակվել է Շիրակի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը: Պաշտոնանկ է արվել նաև Բաղրամյանի շրջանի ոստիկանապետ Մանվել Դավթյանը:



