


Եթե Հայաստանում չհաջողվի վաղաժամկետ ընտրություննեի հասնել քաղաքական գործընթացների ճանապարհով, կհայտնվեն նոր «Սասնա Ծռեր»: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդգծելով, որ «Սասնա Ծռերի» զինյալները ոչ թե ահաբեկիչներ են, այլ` հակաահաբեկիչներ: Ընդ որում նա ընդգծել է, որ հանդես է գալիս Հայաստանում խաղաղ քաղաքական փոփոխությունների օգտին` առանց բռնության և արյունահեղության:
Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանն այժմ ապրում է ներիշխանական, ներհասարակական ճգնաժամ, որն ամենաբացասական հետևանքներ կունենա երկրի ապագայի համար: «Քրեական իշխանություն, արտագաղթ, աղքատություն, թալանված ժողովուրդ, քաղբանտարկյալներ` ահա թե մենք ինչ ունենք ներկա պահին: Իրավիճակը շտկելու համար միայն հայ հասարակության ռեսուրսը բավական չէ, այդ գործընթացին պետք է միանան Սփյուռքի և Արցախի մեր հայրենակիցները: Եթե Սփյուռքն այսուհետև էլ զերծ մնա հայրենիքի քաղաքական գործընթացներից, եթե Արցախն այսուհետև էլ շարունակի Հայաստանի ընդդիմությանը կոչ անել ոչ մի քայլ չձեռնարկել, որպեսզի ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը չապակայունանա, ամեն ինչ կմնա նախկինը, իսկ ապագա գործընթանցերը կլինեն էլ ավելի ծանր, և մենք հենց հակամարտության գոտում կունենանք ավելի մեծ կորուստներ, քան ապրիլյան պատերազմի ընթացքում: Ժամանակն է, որ բոլորը հասկանան. միայն հզոր և ժողովրդավարական Հայաստանը կարող է լինել Հայաստանի անկախության երաշխիք», - հայտարարել է «Ժառանգության» առաջնորդը:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել աչք չփակել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Հայաստանում: «Ճիշտ է, ԱՄՆ, Եվրամիությունը, Human rights watch-ը դատապարտել են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը, սակայն դա բավական չէ», - հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:


