

Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն «Սասնա Ծռեր» խմբի զինյալ Վարուժան Ավետիսյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել:
Ինչպես հաղորդել է «Սասնա ծռեր» խմբի զինյալներին պաշտպանող փաստաբանական խմբի անդամ Լուսինե Հակոբյանը, դատաքննությունը, ինչպես նաև խմբի մյուս մասնակիցների կալանավորման որոշումների միջնորդության քննարկումները տեղի են ունեցել կեսգիշերին և տևել մինչև առավոտյան ժամը 7-ը: Փաստաբանը տարակուսանք է հայտնել այն շտապողականության առնչությամբ, որը դրսևորվել է դատարանը:
«10-ից ավելի կալանքի նիստեր են եղել, այդ հրատապությունը չեմ հասկանում, քանի որ այդ 72 ժամը (մեղադրանք առաջադրելու համար նախատեսված — խմբ.) լրանում է այսօր»,- ասել է նա: Հակոբյանի հավաստմամբ, իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նշենք, որ նույն դատարանը 2 ամսով կալանավորելու որոշումներ է կայացրել նաև Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների և Արամ Հակոբյանի, Արայիկ Խանդոյանի, Վարդան Գերավետյանի և Սմբատ Բարսեղյանի նկատմամբ:
«Սասնա Ծռերի» զինյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Հիշեցնենք, որ զինված խմբավորման կողմից Էրեբունի վարչական շրջանում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով անցնում է 47 մարդ: Նրանցից 24-ին վերագրվում է նաև պատանդներ վերցնելը: Խմբավորման ներկայացուցիչների մեծ մասն այդ մեղադրանքները չի ընդունում: Նրանց մեծ մասն այժմ գտնվում է քննչական մեկուսարանում, ոմանք` դատապարտյալների հիվանդանոցում, մեկը` ստացիոնարի վերակենդանացման բաժանմունքում: -



