ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ուսումնասիրում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ինչպես հաղորդում է «Թրենդը», Ուորլիքն անհրաժեշտ է համարել պահպանել դրական պահը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում: Նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները հավատարիմ են երկխոսության շարունակմանը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև: ԱՄՆ համանախագահը նաև հաղորդել է, որ համանախագահներն ուսումնասիրում են երկու երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: «Տվյալ պահի դրությամբ մենք տարածաշրջան այցի որոշակի ծրագրեր չունենք, սակայն մշտական շփման մեջ ենք կողմերի հետ` նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելու նպատակով», - նշել է նա:
Ջեյմս Ուորլիքի ասելով, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները որոշակի արդյունք են տվել շփման գծում բռնության նվազեցման առումով: «Բանակցային գործընթացը վերականգնվել է, համաձայնություն է ձեռք բերվել բռնության ռիսկերի նվազեցման շուրջ», - հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը: