

Այսօրվա դրությամբ կալանավորված են ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության գրեթե բոլոր ակտիվիստները: Չնայած այն հանգամանքին, որ նախօրեին ԱԺ 15 պատգամավորներ դատարան էին դիմել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չընտրելու միջնորդությամբ, օգոստոսի 2-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվել է: Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ կամ վնասմամբ` հրազենի, պայթուցիչ նյութերի կամ սարքերի կիրառմամբ կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգությունների կազմակերպման կասկածանքով կալանավորված «Ոտքի Հայաստան» ընդդիմադիր քաղաքացիական շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանը կալանավորվել է երկու ամսով: Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանի ասելով, «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Անդրեաս Ղուկասյանը հացադուլ է սկսել:
Որպես խափանման միջոց կալանք է ընտրվել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը նույնպես երկու ամսով կալանավորվել է: Նախօրեին դատարանը բավարարել է Սանասարյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը: Նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանի հավաստմամբ, Դավիթ Սանասարյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի: Բոլորը կալանավորված են ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով:



