


Հայ ազգի գլխավոր ճակատամարտերն առջևում են: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
ՙՄեզ համար գլխավորն այն է, որ հուլիսի 17-ից 31-ը Երևանում կատարվածն անիմաստ չէր և հաստատ անհետևանք չի մնա: Շատ եմ ցավում զոհերի համար, մխիթարության խոսքեր գտնել նրանց հարազատների համար շատ բարդ է՝ գլուխ խոնարհելով արդարության համար պայքարելու մեր ժողովրդի վճռականության առջև՚,-նշել է նա:
Վերլուծաբանը գտնում է, որ ոչ հեռու ապագայում ժողովուրդը և ուժայինները բարիկադների նույն կողմում կհայտնվեն՝ հայ ազգի գլխավոր ճակատամարտերում:
ՙՀորդորում եմ գործող իշխանություններին րոպե առաջ ազատ արձակել Եղիշե Պետրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին և, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր հանրային ընդվզման այս ծանր երկու շաբաթների ընթացքում արեցին իրենցից կախվածը՝ կործանարար արյունահեղությունը կանխելու համար:
Գտնում եմ, որ, բոլոր այն մարդիկ, ովքեր վերջին տարիներին բանտերում են հայտնվել իրենց քաղաքական հայացքները յուրօրինակ կերպով՝ հանրության ու պետության անվտանգությանը իրական սպառնալիք չպարունակող միջոցներով արտահայտելու համար, ևս պետք է հնարավորինս շուտ ազատության մեջ հայտնվեն:
Այդ մարդկանց արածը դատարանների կողմից քրեականացնելը պետության կողմից իրավական ուժի անհամաչափ կիրառման օրինակ է, որն անընդունելի է: Պետք չէ նոր փողոցային ընդվզման և բախումների տանող դուռն անդադար բաց պահել՚,- ամփոփել է Մելիքյանը:



